Логотип

Դոնի Ռոստովում 1,5 հազար մարդ է դուրս եկել ակցիայի՝ ի պաշտպանություն Հայ Եկեղեցու

Դոնի Ռոստովում բազմամարդ հավաք է տեղի ունեցել՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի։ Ինչպես հայտնում է «Վզգլյադ»-ը, միջոցառմանը մասնակցել է շուրջ 1500 մարդ։

Սուրբ Խաչ եկեղեցու վանահայր Տեր Հարություն քահանա Տերտերյանը նշել է, որ հայ համայնքի ներկայացուցիչներն ուշադրությամբ հետևում են Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին՝ ներկա իրավիճակը բնորոշելով որպես ճնշում եկեղեցական կառույցների նկատմամբ։ Նա ընդգծել է, որ ստեղծված պայմաններում ՀԱԵ հոգևորականության համար չափազանց կարևոր է զորակցություն հայտնել հավատացյալներին։

«Կարելի է վստահորեն ասել, որ Հայ առաքելական եկեղեցուն ուղղված աջակցության հանրահավաքը հաջողված էր։ Նշանակալի է նաև, որ այն տեղի է ունեցել Ծաղկազարդի օրը»,- նշել է Տեր Հարությունը։

Հոգևորականը նաև հիշեցրել է Հայաստանում 4 արքեպիսկոպոսների ձերբակալության մասին։ «Այն, ինչ կատարվում է Հայաստանում, որտեղ 4 արքեպիսկոպոսներ են ձերբակալվել, հնարավոր չէ այլ կերպ անվանել, քան իշխանությունների կողմից ճնշում»,— հայտարարել է նա։ Տերտերյանն առանձնահատուկ ընդգծել է, որ միջոցառումն անցել է առանց քաղաքական կարգախոսների։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ ծխականների համար կարևոր էր հասցնել հոգևորականության դիրքորոշումը և ցուցադրել աջակցությունը։

«Յուրաքանչյուր ելույթ ունեցող իր աջակցությունն է հայտնել Հայաստանի շարքային քաղաքացիներին և Հայ առաքելական եկեղեցու բոլոր հետևորդներին»,— հավելել է նա։ Կազմակերպիչները ակցիայի մասնակիցների թիվը գնահատել են առնվազն 1,5 հազար մարդ։

News.am