Հայտարարության նախագիծը ժամանակավրեպ է։ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովում հայտարարեց կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության հայտարարության նախագծին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունն ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրել է «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» հայտարարությունը։
«Վերնագրում «Ազգային ճգնաժամ և կառավարման ձախողում» եք գրել. ո՞ր ազգային ճգնաժամի մասին է խոսքը. դուրս եկեք փողոց ու ցույց տվեք ճգնաժամը։ Ընտրել եք ազգային բառը, որ ավելի պաթետի՞կ հնչի։ Ովքե՞ր են մեր ազգում ճգնաժամի մեջ. Ավստրալիայի, Մոգադիշոյի հայե՞րը»,- ասաց նախագծի հարակից զեկուցող Ջուլհակյանը։
Իշխանական պատգամավորի կարծիքով՝ իշխանափոխության հնարավոր է հասնել ընտրությունների միջոցով։
«Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ավելի քան 40 տոկոսում ՔՊ-ն չունի իշխանություն՝ կա՛մ ընդդիմություն է, կա՛մ ընդհանրապես ներկայացված չէ։ Հետևաբար, դիմե՛ք ժողովրդին»,- շարունակեց Ջուլհակյանը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյան արձագանքեց` մեծամասնությանը հիշեցնելով սահմանդրական նորմը, որը ժողովուրդը չի ընտրում ՀՀ-ում վարչապետ, ժողովուրդն ընտրում է կուսակցություններ, դաշինքներ, որոնք խորհրդարանում ձևավորում են կառավարություն։ Մինասյանը շեշտեց՝ ցանկացած ժամանակ կառավարության փոփոխությունն այդ պատգամավորների պարտականությունն է ու չի կարելի ամեն ինչ ժողովրդի վրա գցել։
«Աբսուրդ է, որ ասում եք՝ եթե ժողովուրդը ձեզ հետ համաձայն է, ուրեմն պետք է գա հրապարակ ու գլուխ ջարդի։ Բա ի՞նչ, պիտի գա երգի ու սեր խոստովանի՞, դա ձեր ֆեստիվառներում է։ Դուք սպառնում էիք, հավանաբար իշխանական փափուկ աթոռները մոռացության են տվել ձեր անցած ճանապարհը։ Հենց ժողովուրդը հավաքվում է՝ ձեր ամբողջ ուժային կառույցները` բերետներից սկսած ու ավարտած ամենատարբեր ուժայիններով, ջարդում են ժողովրդին։ Բացահայտ մարդկանց գլուխ տալիս ջարդում են փողոցում՝ ազատ կարծիք արտահայտելու ու հավաքներ անցկացնելու համար… Հետո Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ինչի՞ ժողովուրդը հեղափոխություն չի անում։ Այսինքն՝ Փաշինյանի առաջարկած ճանապարհը բռնի հեղափոխություն է։ Ահա, թե որտեղ է իրականում թաքնված շան գլուխը»,- շարունակեց Արծվիկ Մինասյանը։
Ընդդիմություն իշխանություն տևական բանավեճից հետո կառավորղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դեմ ձայներով ընդդիմության նախագիծը ստացավ բացասական եզրակացություն։
Sputnik Արմենիա