Логотип

ԴՈՒ ՄԵՐ ԴԱՐԴ ՈՒ ՑԱ՛Վ

Մազալու կերպար է այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը։ Ողբերգական ու միաժամանակ զվարճալի: Կատաղել է Ռոբերտ Քոչարյանի վերջին ասուլիսից…

Ինչո՞ւ է կատաղել։ Այս հարցի պատասխանը մենք չունենք։ Բայց միայն սաստիկ կատաղության, եթե չասենք՝ հիստերիայի նոպայի մեջ կարելի է բարբաջել հետևյալը. «Պատկերացնո՞ւմ եք, պատերազմում իբր հաղթած, Ղարաբաղն իբր հայկական պահած, իբր բանակցություններում անգերազանցելի, իբր տնտեսությունը զարգացրած 3 նախկին ղեկավարները վախենում են գալ ինձ հետ բանավեճի»։

Նկատի ունի Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին։ Պա՜հ-պահ-պահ…

ԻՍԿ Ի՞ՆՉՆ Է ՍԽԱԼ, ՆԻԿՈԼ ՎՈՎԱԵՎԻՉ,ՄԻ ՀԱՐՑՆՈՂ ԼԻՆԻ։ ԻՆՉՈ՞Ւ ԸՆԿՆԱՎՈՐՎԵՑԻՐ: Բոլորին է հայտնի, որ Հայաստանն ու Արցախը հաղթել են Արցախյան առաջին ազատամարտում։ Չե՞ս հավատում, ուրեմն հարցրու Ալիևին, նա կհաստատի։ Ո՞վ էր Հայաստանի նախագահը։ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Իսկ Արցախի՞ նախագահը։ Ռոբերտ Քոչարյանը։ Ինքնապաշտպանության ուժերի հրամանատարը, հետո Հայաստանի պաշտպանության նախարարն ո՞վ էր։ Սերժ Սարգսյանը։ Ի՞նչն է սխալ:

Իսկ ինչ է, Ղարաբաղը հայկակա՞ն չէր Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք։ Հայկական էր։ Ռոբերտ Քոչարյանի՞ օրոք։ Հայկական էր։ Սերժ Սարգսյանի՞ օրոք։ Հայկական էր։ Ինչո՞ւ ես ընկել հիստերիայի մեջ:

Ո՞ւմ օրոք Ղարաբաղը դադարեց հայկական լինել։ Ո՞վ էր Հայաստանի ղեկավարը, երբ Արցախը, որը հայկական է եղել դարեր ու նույնիսկ հազարամյակներ շարունակ, դադարեց հայկական լինել: Փաշինյանը։

Դրանի՞ց է հիստերիադ: Դե, այստեղ ոչինչ չես կարող անել: Ե՛վ պատերազմը տանուլ տվեցիր, և՛ Արցախը ամայացրեցիր. կարող ես հարցնել Ալիևին։ Ամեն ինչ հենց այդպես է, որ կա, Փաշինյան։

Բանակցություններն էլ նախկին նախագահները հաջող էին վարում, հասնելով նրան, որ աշխարհը ճանաչեց Արցախի ինքնորոշման իրավունքը՝ հանրաքվեի միջոցով։ Եվ այդ իրավունքն ամրագրվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարություններում։

Եվ տնտեսությունն էլ, պատկերացրու որ, զարգացրել են ոչ թե խոսքով, այլ գործով։ Տնտեսություն, որն ավերված էր ԽՍՀՄ փլուզումից հետո, ինչպեսև ողջ նախկին Միությունում: Իսկ մեր դեպքում գումարվել էր նաև երկրաշարժը՝ հանրապետության մեկ երրորդի համար իր սարսափելի հետևանքներով։ Բայց և՛ ԱԷԿ-ը վերականգնեցին, և՛ գազաֆիկացումն իրականացրեցին, և՛ Իրանից գազատար անցկացրեցին, և շատ այլ բաներ…

Ի տարբերություն Փաշինյանի, որը լոկ կրկնապատկեց պետական պարտքը, ինչի հաշվին փառատոններ է անցկացնում և պարգևավճարներ շռայլում իր թիմին։ Իսկ աղքատության մակարդակը ինչպես որ 24% էր կազմում 2018-ին, այդպես էլ գործնականում մնացել է այդ նիշի վրա։ Ծայրահեղ աղքատության մակարդակը նույնիսկ աճել է… Այո, աճել է բյուջեի ծախսային մասը, բայց այդ աճը մեծամասամբ գնում է պետական պարտքի սպասարկմանը, իսկ աճի մնացած մասը խժռում է գնաճը։ Ի՞նչն է սխալ, Փաշինյան։ Եթե չես ուզում Ալիևին հարցնել՝ զանգիր Թրամփին, նա կհաստատի։

Իսկ որ քեզ հետ բանավիճելու չեն գալիս… Մի՞թե լրջորեն կարծում ես, թե նախկին ղեկավարներից որևէ մեկը կգա քեզ հետ բանավիճելու, որպեսզի ապացուցի, որ հաղթել է Արցախյան առաջին ազատամարտում, իսկ 2020-ին դու պատերազմ ես բերել ու պարտվել: Ապացուցի, որ իրենց օրոք Արցախը հայկական է եղել, իսկ քո օրոք դադարել է այդպիսին լինել։

Մաթեմատիկայի ո՞ր մի պրոֆեսորը բանավեճի կգնա նույն դասարանում մնացած հիստերիկի հետ, որը կհայտարարի, թե պատրաստ է ապացուցել, որ 2+2=5: Ոչ մեկը չի գնա: Քանզի եթե համաձայնություն տա մասնակցել նման «բանավեճերի», ինքն իրեն կդադարի հարգել։