ՀՀ կառավարության Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանի ազատումը անակնկալ չէր ո՛չ իր համար, ո՛չ մյուսների։ Նախորդ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի բռնկուն հայտարարությունից, թե՝ «Կառավարությունը ես եմ, չի կարա որևէ մեկը իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում հայտնել», արդեն իսկ ենթադրելի էր, որ ՀԷՑ-ի մասով Ստոքհոլմյան արբիտրաժի վերաբերյալ կառավարության անունից ՀԾԿՀ-ին ոչ նիկոլական տրամաբանությամբ ուղարկված դիրքորոշման հեղինակը վաղ, թե ուշ ազատվելու է զբաղեցրած պաշտոնից։ Իսկ այդ հեղինակը հենց Լիպարիտ Դրմեյանն էր։
MediaHub-ի տեղեկություններով՝ ճեպազրույցից մի քանի ժամ անց Դրմեյանին իր մոտ է հրավիրել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ու նրան տեղեկացրել, որ պետք է դիմում գրի և հեռանա։ Դրմեյանը մանրամասն, օրենքի և իրավական կարգավորումների տեսանկյունից բացատրել է, թե ինչու է ինքը կառավարության անունից նման դիրքորոշում հայտնել, այսինքն՝ իրավաբանորեն հիմնավորել է իր դիրքորոշումը, որ ճիշտը դա է՝ անկախ նրանից, թե ով ինչ է ցանկանում։ Հարությունյանն ընդունել է Դրմեյանի հիմնավորումները, սակայն հասկացրել է, որ ոչինչ անել չի կարող՝ «շեֆը զայրացած է ու որոշել է, որ պիտի հեռանաս»։
Դրմեյանն էլ ասել է, որ ինքը չի պատրաստվում սեփական նախաձեռնությամբ դիմում գրել ու ազատվել պաշտոնից, եթե կոնկրետ մեկը շատ է ցանկանում, թող ինքն էլ ազատի իրեն։ Այդպես էլ եղել է՝ առավոտյան Լիպարիտ Դրմեյանը տեղեկացել է, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ինքն ազատվել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնից։
Նրա փոխարեն հենց հաջորդ օրը նշանակվեց Նիկոլ Փաշինյանի «զապաս» կադրերից մեկը՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, որը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը համարում էր թունավոր պաշտոն։ Դրմեյանի աթոռին, հավանաբար, թույն քսած չէ՝ այս պաշտոնը, երևի, Անդրեասյանի սրտով է, կամ նրա կարծիքը ոչ ոք չի հարցրել՝ պետք է եղել նշանակել թափուր մնացած այս պաշտոնում, նշանակել են՝ ճիշտ այնպես, ինչպես նրան չհարցրին՝ ուզո՞ւմ է ազատվել ԲԴԽ նախագահի պաշտոնից, թե՞ ոչ, մի օր հանկարծ SMS ստացավ, որ պետք է հեռանա և «ինքնակամ որոշեց հեռանալ»։
Ի դեպ, Լիպարիտ Դրմեյանը պատահական ընտանիքի զավակ չէ․ նրա հայրը՝ Մամիկոն Դրմեյանը, նախկին դատավոր է, նրա քույրն էլ՝ Լիլիթ Դրմեյանը, գործող դատավոր է՝ 2022 թվականից Հակակոռուպցիոն դատարանի քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավորներից է, և դեռևս շարունակում է պաշտոնավարել։ Հետաքրքիր է՝ քրոջ վրա կանդրադառնա՞ Փաշինյանի հետ Լիպարիտ Դրմեյանի այս սառը և լուռ հակամարտությունը, թե՞ Փաշինյանն իր վրեժխնդրության մեջ այդքան չի խորանա։