Հայաստանի հիմնական առևտրային գործընկերների, այդ թվում՝ Ռուսաստանի տնտեսական աճի դանդաղումը կարող է անորոշության հիմնական գործոն դառնալ։ Այսօր Ալմաթիում այս մասին ասաց Եվրասիական զարգացման բանկի վերլուծական աշխատանքի գծով տնօրինության ղեկավար Ալեքսեյ Կուզնեցովը` նշելով 2026 թվականին Հայաստանի տնտեսության հիմնական ռիսկերը։
«Դա կարող է ազդել հայկական արտահանման ծավալների և երկիր դրամական փոխանցումների ներհոսքի վրա։ Մենք այս գործոնը դիտարկում ենք որպես մեր մակրոտնտեսական կանխատեսման հիմնական ռիսկերից մեկը», – հայտարարեց Կուզնեցովը` ներկայացնելով ԵԱԶԲ-ի մակրոտնտեսական կանխատեսումը` 2026–2028 թվականների համար։
Միևնույն ժամանակ նա նշեց, որ կանխատեսման հիմնական սցենարը ենթադրում է չափավոր համաշխարհային տնտեսական աճի պահպանում, ինչը բարենպաստ կլինի Հայաստանի տնտեսության համար։ Ինչ վերաբերում է պետական պարտքին, բանկը դրա դինամիկայի հետ կապված էական ռիսկեր չի տեսնում։
«2020 թվականին Հայաստանի պետական պարտքը կազմել է ՀՆԱ-ի 67%-ը։ Այժմ այս ցուցանիշը նվազել է գրեթե 50%–ով։ Սա դրական միտում է` հատկապես հաշվի առնելով 2025 թվականի փոխառությունները», – ընդգծեց Կուզնեցովը։
ԵԱԶԲ-ի գնահատականներով՝ մինչև 2025 թվականի ավարտը պետական պարտքի մակարդակը կարող է ավելանալ մինչև ՀՆԱ-ի 51-51.5%, ինչը անվտանգ ցուցանիշ է։ Հետագայում նախատեսվում է կայունացնել պարտքը ՀՆԱ-ի 50-55%-ի սահմաններում։
Կուզնեցովը նաև նշեց, որ զարգացող տնտեսություններ ունեցող երկրներում պետական պարտքի միջին մակարդակը կազմում է ՀՆԱ-ի մոտ 95%-ը, ինչը թույլ է տալիս խոսել Հայաստանի տնտեսության համար ընթացիկ ռիսկերի բացակայության մասին։
ԵԱԶԲ-ի երկրների վերլուծության կենտրոնի ավագ վերլուծաբան Անտոն Դոլգովեչնին նշեց, որ Հայաստանի ՀՆԱ-ի 5%-ից բարձր աճը կայուն հիմք է ձևավորում պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կայուն մակարդակում պահպանելու համար։ Նրա խոսքով` դրամի համեմատաբար կայուն փոխարժեքի և արտարժույթով փոխառությունների դեպքում էական ռիսկեր չեն առաջանում։
ԵԱԶԲ-ի կանխատեսման համաձայն՝ Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2026 թվականին 5.3% կկազմի։
Sputnik Արմենիա
