ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն ողջունում են Նախարարների խորհրդի կողմից Հայաստանի և Ադրբեջանի համատեղ կոչից հետո Մինսկի գործընթացը վերացնելու և դրան առնչվող կառույցները փակելու որոշման ընդունումը, ասվում է ԵԱՀԿ հայտարարության մեջ։
«Ցանկանում եմ ևս մեկ անգամ իմ ամենաջերմ շնորհավորանքները հղել Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պատմական համաձայնագրերի կնքման, ինչպես նաև դրանց արագ իրականացմանն անցնելու համար նրանց քաջ որոշման կապակցությամբ։ Ես անմիջապես արձագանքեցի նրանց համատեղ դիմումին և կցանկանայի իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել կողմերին այս գործընթացում նրանց արդյունավետ համագործակցության համար։ Ես նաև կցանկանայի հարգանքի տուրք մատուցել մասնակից պետություններին՝ այս կոնսենսուսի հասնելու գործում համագործակցության ոգու համար»,- ասել է Վալտոնենը։
Մինիստրների խորհրդի այս որոշումը հաջորդել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ստորագրված համատեղ հռչակագրին։ Նախարարների խորհրդի որոշումն ընդունվել է ԵԱՀԿ անդամ բոլոր 57 պետությունների կոնսենսուսով։
«Սա պատմական իրադարձություն է, որն ընդգծում է, թե ինչի կարող է հասնել դիվանագիտությունը՝ նույնիսկ տասնամյակների կոնֆլիկտից և անվստահությունից հետո։ Այն ցույց է տալիս, որ համաձայնություն հնարավոր է, երբ կողմերը ձգտում են փոխըմբռնում գտնել»,- հայտարարել է գլխավոր քարտուղար Սինիրլիօղլուն։
ԵԱՀԿ գործող նախագահը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հաստատել են իրենց անսասան հանձնառությունը՝ աջակցելու այն ջանքերին, որոնք կհանգեցնեն կայուն խաղաղության և կայունության Հայաստանի, Ադրբեջանի և ամբողջ տարածաշրջանի համար։
Այս որոշման ընդունումից հետո ԵԱՀԿ-ն քայլեր կձեռնարկի Մինսկի գործընթացն ու դրան առնչվող կառույցները փակելու համար։ Մինչև գործընթացի ավարտը ոչ ուշ, քան 2025 թվականի դեկտեմբերի 1-ը, կշարունակվեն միայն վարչական գործառույթները, ինչպիսիք են ակտիվների և սարքավորումների փոխանցումը։
News.am