Логотип

ԵԱՏՄ-ի ԱԱԳ համաձայնագրերն ԱՄԷ-ի, Մոնղոլիայի և Ինդոնեզիայի հետ ուժի մեջ կմտնեն այս տարի

Եվրասիական տնտեսական միության և ԱՄԷ-ի, Մոնղոլիայի ու Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի գոտիների մասին անցյալ տարի ստորագրված համաձայնագրերն այս պահին վավերացման փուլում են. ակնկալվում է, որ դրանք կարող են ուժի մեջ մտնել 2026 թվականի ընթացքում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Այսօր մենք համարում ենք, որ մեր արտադրողների համար ապահովել ենք մուտք դեպի շուրջ 730 միլիոն մարդուց բաղկացած շուկա։ Սա արդեն շատ լուրջ թիվ է։ Եվ հույս ունենք, որ մոտակա մեկ տարվա ընթացքում այս բոլոր համաձայնագրերն արդեն կսկսեն գործել»,-ասել է նա։

Օվերչուկը հիշեցրել է, որ 2025 թվականին ուժի մեջ է մտել Իրանի հետ ազատ առևտրի գոտու մասին լիաֆորմատ համաձայնագիրը (ԵԱՏՄ երկրների և Իրանի կողմից փաստաթղթի ստորագրումը տեղի էր ունեցել 2023 թվականի վերջին)։

Անցյալ տարի մեկնարկել էին բանակցությունները Հնդկաստանի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու շուրջ։ ՌԴ փոխվարչապետը կանխատեսում չի անում, թե երբ կողմերը կկարողանան ստորագրել փաստաթուղթը.

«Այստեղ թերևս դեռ վաղ է խոսել որոշակի ժամկետների մասին. կարևորն այն է, որ այդ բանակցություններն ընթանում են, և երևում է, որ բանակցային թիմը լավատեսորեն է տրամադրված»։

Նա նշել է, որ Հնդկաստանը ԱԱԳ ստեղծելու ուղղությամբ ակտիվ բանակցություններ է վարում նաև այլ տարածաշրջանների, այդ թվում՝ Եվրոպական միության հետ։

«Մենք նույնպես ուսումնասիրում ենք այդ հարցեր, թե ինչպես են դրանք ազդում միմյանց վրա, դա նույնպես բանակցային թիմերի ուսումնասիրության առարկան է»,-ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես կազդեն Հնդկաստանի և ԵՄ-ի պայմանավորվածությունները ԵԱՏՄ-ի հետ ԱԱԳ համաձայնագրի կնքման հեռանկարների վրա։

Sputnik Արմենիա