Բեռների վերահսկման էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքները ԵԱՏՄ-ում պարտադիր կդառնան 2026 թվականի փետրվարի 1-ից: Ինչպես տեղեկացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵԱՏՄ գործադիր մարմին), այս մասին հայտարարել է ԵՏՀ մաքսային համագործակցության հարցերով նախարար Ռուսլան Դավիդովը։
Բեռնարկղի վրա տեղադրված նավիգացիոն կնիքը բեռի տիրոջը և վերահսկող մարմիններին թույլ է տալիս շարունակաբար վերահսկել դրա տեղաշարժը, ինչպես նաև կանխել բեռի գողությունը (քանի որ նաև հնարավոր է վերահսկել` բեռնարկղը մինչև տեղ հասնելը բացվել է, թե ոչ):
Նավիգացիոն կնիքը էլեկտրոնային սարք է՝ կողպեքով, որը տեղադրվում է բեռնարկղի վրա: Այս սարքի մեջ հնարավոր է գրանցել բեռի մասին բոլոր տեղեկությունները (հաշիվ-ապրանքագրեր, ուղարկողի և ստացողի մասին տվյալներ և այլն):
Նման վերահսկողությունը բիզնեսին թույլ կտա սահուն և նվազագույն զննումով ու ստուգումներով ապրանք տեղափոխել ԵԱՏՄ-ի ներսում, ինչպես նաև ապահովագրել բեռներն ավելի շահավետ պայմաններով։ Այս ամենը կնվազեցնի փոխադրման ծախսերը։
Մինչև համակարգի լիարժեք գործարկումը ԵՏՀ-ն և միության երկրները կլրամշակեն այն՝ հաշվի առնելով հնարավոր արտակարգ դեպքերը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ ԵԱՏՄ ապրանքների համար նավիգացիոն կապարակնիքների կիրառումը փորձարկվել է 2025 թվականի հուլիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը։
Sputnik Արմենիա
