Եգիպտոսի օդուժի CASA C295 ռազմատրանսպորտային ինքնաթիռն Ադրբեջան թռչելու համար օգտագործել է Հայաստանի օդային տարածքը:
Սովորաբար դեպի Ադրբեջան ռազմական թռիչքները (այդ թվում՝ սպառազինություն առաքող ինքնաթիռների) իրականացվում են Թուրքիայի և Վրաստանի տարածքով։ Իսկ ոչ քաղաքացիական (պաշտոնական, այդ թվում՝ ռազմական) ինքնաթիռների թռիչքը Հայաստանի օդային տարածքով ԱԳՆ-ի առանձին թույլտվություն է ենթադրում։
Կահիրե-Բաքու թռիչքը տեղի է ունեցել 2025 թվականի դեկտեմբերի սկզբին: Նույն օրը ինքնաթիռը Հայաստանի օդային տարածքով վերադարձել է Եգիպտոս:
Sputnik Արմենիան հարցում էր ուղարկել ԱԳՆ՝ ճշտելու, թե ինչ նպատակով է իրականացվել թռիչքը։
Նախարարությունից տեղեկացրել են, որ թռիչքը մասնավոր այցի համար է իրականացվել։
«Տեղեկացնում ենք, որ Հայաստանի օդային տարածքով Կահիրե-Բաքու թռիչք իրականացրած օդանավն ուղևորատար է, տեղափոխել է մասնավոր այցով Ադրբեջան մեկնած բարձրաստիճան անձի», – ասվում է նախարարության պատասխանում։
Նշենք, որ սա Եգիպտոսից իրականացված առաջին նման թռիչքը չէ։ Գարնանը այդ երկրի օդուժի մեկ այլ ինքնաթիռ, որն ուղևորվում էր Ղրղզստան, անցել էր Հայաստանի օդային տարածքով՝ ընթացքում վայրէջք կատարելով Ադրբեջանում։
Այն ժամանակ ևս մենք ՀՀ ԱԳՆ-ից թռիչքի մասին տվյալներ էինք խնդրել։ Հղում անելով եգիպտական կողմին՝ մեզ տեղեկացրել էին, որ այդ թռիչքն իրականացվել է զորավարժություններին մասնակցելու նպատակով։
Սակայն Ղրղզստանում եգիպտացի զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների մասին որևէ տվյալ մենք այդպես էլ չգտանք, իսկ Ղրղզստանի քաղաքացիական ավիացիայի պետական գործակալությունից մեզ հայտնեցին, որ հայցվող տվյալները գաղտնի են և հրապարակման ենթակա չեն։
