Логотип

ԵԹԵ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՐՎԱԾԻ, ԱՊԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԼՌԻ՞ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վաշինգտոնի կողմից «անվտանգության երաշխիքների» առանձնահատկությունները

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Սեպտեմբերի 9-ին Իսրայելն ավիահարված է հասցրել Կատարի մայրաքաղաք Դոհային: Հարվածի թիրախն, ինչպես հաղորդվում է, եղել են ՀԱՄԱՍ-ի քաղաքական ղեկավարության բարձրաստիճան անդամներ։ Այս միջադեպը միջազգային սուր արձագանք է առաջացրել, այդ թվում՝ Կատարի կողմից, որը հարձակումը որակել է «ինքնիշխանության կոպիտ խախտում»։ Կատարը նաև հայտարարել է, որ միջադեպը վտանգի տակ է դնում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև կրակի դադարեցման շուրջ բանակցություններում իր միջնորդի դերը:

Առաջին հայացքից Իսրայելի գործողություններն անհավանական են թվում, դրանք հակասում են միջազգային իրավունքի նորմերին, խախտում են Կատարի ինքնիշխանությունը և դիվանագիտական էթիկան։ Բայց արդյոք իսրայելցիները «առաջամարտիկնե՞րն» են միջազգային ասպարեզում նման «աշխատանքի» ձևաչափում: Հարկ է հիշեցնել, որ 2020 թվականի հունվարի 3-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» էլիտար ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սուլեյմանին սպանվել էր Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտ ԱՄՆ ավիահարվածի հետևանքով։ Ավիահարվածը հասցվել է անօդաչու թռչող սարքով, իսկ հարձակման թիրախը եղել է ավտոմեքենան, որում գտնվում էին Սուլեյմանին և Իրաքի աշխարհազորայինների «Ժողովրդական մոբիլիզացիոն ուժեր» կազմավորման հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդիսը։ Սեպտեմբերի 9-ին Իսրայելն արեց նույնը, ինչն իր դաշնակիցն էր արել 2020 թվականին։ Ի դեպ, դաշնակիցների մասին…

Իսրայելը ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցն է, Կատարը Վաշինգտոնի հետ հարաբերություններում ունի հատուկ կարգավիճակ և պաշտոնապես հանդիսանում է «ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակից երկիր՝ առանց ՆԱՏՕ-ի անդամ լինելու»։ Կատարի տարածքում է գտնվում ամերիկյան խոշորագույն արտասահմանյան ռազմակայաններից մեկը (Ալ-Ուդեյդ ռազմաօդային բազան)։ Սակայն ԱՄՆ-ի մի դաշնակիցը հարված է հասցրել ԱՄՆ-ի մեկ այլ դաշնակցի տարածքին։ Ընդ որում, ըստ իսրայելական լրատվամիջոցների, Իսրայելը նախապես զգուշացրել է ԱՄՆ-ին, որ ռազմական գործողություն է իրականացնելու Վաշինգտոնի մեկ այլ ինքնիշխան դաշնակցի տարածքում։

Կատարյան իրադարձությունների այս բաղադրիչը կարևոր է նաև Հայաստանի համար, հատկապես օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերի համատեքստում։ Սպիտակ տանը հռչակագրի ստորագրումից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով լրագրողների առջև, հայտարարեց, որ անձնական խոստում է տվել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին, որ եթե նրանք որևէ խնդիր ունենան, կարող են զանգահարել իրեն, և նա կօգնի լուծել դրանք։ Կարո՞ղ է արդյոք ստացվել այնպես, որ օգոստոսի 8-ի փաստաթղթերը ստորագրողների մեջ մեկը նույնպես «մյուսից ավելի հավասար» լինի, մեկը հայտնվի Կատարի, իսկ մյուսը՝ Իսրայելի դերում, և մի կողմի՝ մյուսի դեմ ագրեսիայի դեպքում Դոնալդ Թրամփը, չհասկանալով իրավիճակը, հեռախոսազրույցի ժամանակ կոչ անի «լռել և շարունակել իրականացնել Ալբանիայում ներդրումային նախագիծը»։

Սակայն իրադարձությունները նաև այլ կերպ են մեկնաբանվում․ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիթը հակիրճ հայտարարություն է արել Իսրայելի կողմից Կատարին հասցված հարվածի վերաբերյալ։ «Իսրայելը հարվածել է ՀԱՄԱՍ-ին, որը, ցավոք, այդ պահին գտնվում էր Դոհայի՝ Կատարի մայրաքաղաքի թաղամասերից մեկում…», -հայտարարել է Լևիթը։ Ընդհանուր առմամբ, նրա հայտարարությունը կազմված է անորոշ, ոչ հստակ ձևակերպումներով, որոնք ոչ մի կերպ չեն պարզաբանում ԱՄՆ-ի դիրքորոշումը։

Ավելի ուշ, Դոնալդ Թրամփի մեկնաբանություններից մենք իմացանք, որ նախագահը կարծում է՝ այս ցավալի միջադեպը կարող է հնարավորություն դառնալ խաղաղության հասնելու համար, և վստահեցրել է Կատարի էմիրին, որ նման իրադարձություն այլևս չի կրկնվի։

Հայաստանը չի կարող չանհանգստանալ Կատարում տեղի ունեցածից, քանի որ Նիկոլ Փաշինյանը երկիրը ներգրավել է մի կոորդինատային համակարգ, որտեղ ոչ միայն անվտանգության երաշխիքներ չկան, այլև կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ քեզ վրա հարձակումից հետո քեզ կոչ կանեն լռել։

Մտածե՛ք այդ մասին․․․»։

Alpha News