Եկատերինբուրգում ՀՀ նախկին պատվավոր հյուպատոս Նարեկ Սպարտակյանը հակակոռուպցիոն դատարանի մոտ է, որտեղ քննվում է Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը։ Սպարտակյանը հաստատեց, որ իրեն պաշտոնից ազատել են «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին աջակցելու համար։ Նրան խնդրել են դիրքորոշում չհայտնել կամ հրաժարական տալ։
«2018 թվականից աշխատել եմ մինչև անցած տարի։ Ես արտգործնախարարության հետ չեմ աշխատում, այլ Ռուսաստանի դեսպանատան։ Ես Ռուսաստանի դեսպանատնից Սամվել Կարապետյանի ձերբակալությունից 1-2 օր հետո ստացել եմ զանգ, ասել են՝ դու էդ կարծիքի՞ն ես, ասել եմ այո, էդ կարծիքին եմ, ու ես վստահ եմ, որ Ռուսաստանի դեսպանատանը, ԱԳՆ–ի բոլոր աշխատակիցներն էլ էդ կարծիքին են։ Ուղղակի ասել են՝ էս պատճառով։ Ես սոցցանցերում այդքան էլ ակտիվ չեմ, 2 հատ փոստ եմ արել, Էջմիածին եմ գնացել, չգիտեմ պատճառը որն է, բայց դա է եղել»,– մանրամասնեց Սպարտակյանը։
Նրա խոսքով՝ դիվանագետներից շատերն այս նույն դիրքորոշումն ունեն Սամվել կարապետյանի կալանքի հետ կապված, բայց վախենում են արտահայտվել։
«Ես այսօր այստեղ եմ, խոսել եմ իմ բոլոր ընկերների հետ , դիվանագիտական կառույցի գործընկերների հետ, բոլորը գալիս ասում են՝ մենք էլ ենք քո պես մտածում, բայց դե… բայց դե ինչ, ումից եք վախենում։ Ինձ զրկել են հյուպատոսի պաշտոնից, բայց ավելի երջանիկ եմ, բան չի փոխվել։ Այս շենքում մեծ բարերար է դատվում։ Խնդրում եմ մեր հայրենակիցներին, միացեք, պահանջեք ազատություն Սամվել կարապետյանին»,– ասել է նա։
Հիշեցնենք, որ ժամը 18։00-ից հակակոռուպցիոն դատարանը քննում է Քննչական կոմիտեի միջնորդությունը՝ Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ։ Դատարանի բակում հավաքվել են բազմաթիվ քաղաքացիներ՝ ի աջակցություն հայտնի գործարարի։
News.am