Логотип

«ԵԿԵՂԵՑԻՆ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ ՉՈՒՆԻ. ՄԵՆՔ ՈՉ ՄԵԿԻՆ «ՍԱՄՈՍՈՒԴ» ՉԵՆՔ ԱՆԵԼՈՒ». Ի՞ՆՉ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԿԻՐԱԿԻ ՀՈՎՀԱՆՆԱՎԱՆՔՈՒՄ

Հայ առաքելական եկեղեցին իր ժողովրդի դեմ, նույնիսկ իր անառակ որդիների, նույնիսկ իր մեղավոր հայորդիների դեմ, երբեք չի ունեցել հատուկ ուժային կառույցներ, հատուկ եկեղեցական ինչ-որ ինկվիզիցիոն համակարգ, որը պատժամիջոցներ կկիրառի կամ հասարակական կարգի պահպանման հատուկ եկեղեցական ինստիտուտ կձևակերպի ու դրանով, օրինակ, կպատժի կամ կկանխարգելի որևէ մեկին։ Այս մասին News.am–ի հետ զրույցում նշեց աստվածաբան Թովմաս հուրարակիր Առաքելյանը։

«Այսինքն բոլոր դարերում հայ առաքելական եկեղեցին դիմել է իրավապահ մարմիններին։ Այս դեպքում էլ մենք գործ ունենք Հայ առաքելական եկեղեցու ծեսը խոչընդոտելու կազմակերպման հետ և արդեն իսկ հայտարարվել է, որ կիրակի օրը Հովանավանքում կանոնական ձեռնադրություն ունեցող քահանաների պատարագը խոչընդոտվելու է։ Ես իրավաբաններից արդեն իսկ իմացա, որ սա իրավական որոշակի կարգավորում է նախատեսում, կրոնական ծեսի խոչընդոտումը հանցագործություն է և իրավապահ մարմինները, ուժայինները պետք է դրանով զբաղվեն։ Հետևաբար Հայ առաքելական եկեղեցին կոչ է արել ուժայիններին համակարգելու, կազմակերպելու։ Կիրակի օրը մենք հստակ տեսնելու ենք՝ մենք ապրում ենք իրավական երկրում, արդյոք Հայ առաքելական եկեղեցին կարողանում է դիմել իրավական երկրի ուժայիններին և ստանալ արձագանք, թե՞ մենք ապրում ենք ինչ-որ մի երկրում, որտեղ ուժայինները ունեն ծառայության այսպես կոնկրետ հրահանգիչ և ծառայում են այդ հրահանգչին։ Կիրակի օրը պիտի երևա՝ արդյոք մեր ուժայինները ճիշտ են ասում, որ ծառայում են Հայաստանի Հանրապետությանը, թե իրենք ծառայում են կոնկրետ Նիկոլ Փաշինյանին։

Եթե իրենք համակարգեն կիրակի օրը Հովհաննավանքում կրոնական ծիսակատարության օրինական ընթացքը, թույլ չտան կարգալույց մարդուն խոչընդոտել օրինավոր քահանային, այդտեղ կտեսնենք։ Այս դեպքում եկեղեցին մշտապես մնալու է օրենքի դաշտում և մշտապես դիմելու է օրինավոր ճանապարհներին և անարխիա չի լինելու։ Ռուսերենում ասում են «սամոսուդ»։ Մենք «սամոսուդ» չենք անելու ոչ մեկին, ինքնուրույն դատ չենք կազմակերպելու, մշտապես մնալու ենք օրենքի սահմաններում»,–ասաց նա։

Հարցին, պատմության մեջ եղե՞լ են դեպքեր, որ իրավապահները որևէ մեկին թույլ չտան մտնել եկեղեցին, Ալաքելյանը պատասխանեց. «Մեր հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունում կա հայոց թաղ, որտեղ կա հայկական վանք, և օրինակ, Նոր Ջուղայում կա այսպիսի մի հստակ օրենք, որ մահմեդական իրանցիները իրավունք չունեն մտնելու, օրինակ Հայ առաքելական եկեղեցու որոշակի տարածքներ։ Ոստիկանությունը իրանում պահպանում է, որ հայերը իրենց վանքում լինեն առանձին, քանի որ քրիստոնեության քարոզչությունը այնտեղ որոշակիորեն սահմանափակված է։ Ոստիկանությունն ուղղակի չի թողնում, որ մահմեդականը մոտենա հայոց վանքին։ Հատուկ թույլտվություն պիտի ստանա հայոց վանք մտնելու համար պարսիկը, ընդ որում պատճառաբանի, տուրիստական նպատակով է ուզում մտնել, թե այլ։ Հիմա, փաստացի Նոր Ջուղայում հայոց վանքը, հայկական եկեղեցիները ոստիկանության կողմից ավելի լավ են պաշտպանվում, քան Հայաստանում»։

News.am