Արագածոտնի թեմը հարգանքով է վերաբերվում Մայր աթոռի բոլոր որոշումներին և դրանք ընդունում է առանց հակասությունների։ Այսօր Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Սաղմոսավանքի հոգևոր հովիվ տեր Փառեն քահանա Առաքելյանը` անդրադառնալով Տարոն քահանա Հունանյանին կարգալույծ անելու որոշմանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արագածոտնի թեմի քահանաներն ամեն հինգշաբթի հավաքվում են թեմի սրբավայրերից մեկում և աղոթք բարձրացնում առ Աստված։ Այսօր միասնական աղոթք հնչեց Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում։
«Հիմա աղոթքը մեզ շատ է պետք և մեզ զորացնում է։ Մենք աղոթում ենք մեր առաջնորդ Մկրտիչ սրբազանի համար, մենք աղոթում ենք մեր եղբոր՝ տեր Գարեգինի համար։ Եվ այսօր խորհրդանշական է, որ մենք այստեղ ենք հավաքվել և աղոթք ենք բարձրացնելու առ Աստված (Մուղնիի եկեղեցու հոգևոր հովիվ տեր Գարեգին Արսենյանը կալանավորված է. խմբ), որպեսզի այս փորձությունը շուտ անցնի, մենք հաղթահարենք։ Մենք մի բան ենք ուզում` կարողանանք նորից բնականոն կյանքով ապրել, նորից առանց փոթորկված հոգիների և առանց փոթորկված մտքի շարունակել մեր բնականոն հոգևոր ու ծառայական կյանքը»,– ասաց տեր Փառեն քահանան։
Նրա վստահեցրեց, որ թեմում եղբայրության և սիրո մթնոլորտ է տիրում։
«Բազմիցս ասել եմ՝ մեր կյանքը հիմնված է եղբայր–եղբայր և հայր–զավակ հարաբերությունների վրա։ Այսօրվա աղոթքը դրա վառ վկայությունն է։ Մենք սպասում ենք, որ մեր անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերն ու եղբայրները կրկին միանան մեր ծառայությանը»,– ընդգծեց հոգևորականը։
Լրագրողների դիտարկմանը, թե հասարակության մեջ կարծես ձևավորվել են տարբեր ճակատներ, տեր Փառեն քահանան պատասխանեց, որ եկեղեցին երբեք պառակտում չի քարոզել։
«Եկեղեցին մշտապես մի բան է ասում՝ պետք չէ պառակտվել։ Եկեղեցին միշտ միավորող է եղել և պիտի լինի։ Սա արհեստածին բան է, որ ասում են՝ մեր և ձեր ժողովուրդ։ Այդպիսի բան չկա։ Բոլորն էլ մեր հավատացյալներն են, մեր զավակներն ու եղբայրներն են ի Քրիստոս»,– նշեց նա։
Քահանան ընդգծեց, որ հոգևորականները չեն տարբերակում և չեն մերժում որևէ կողմի։
«Մենք չենք բաժանում, չենք ատում ոչ մեկին, որովհետև եկեղեցին չի մերժում մեղավորին, այլ մերժում է մեղքը։ Մենք ասում ենք՝ բոլորն էլ հայ են, քրիստոնյա են և մեր զավակներն են», – ասաց տեր Փառենը։
Քահանան հորդորեց հավատացյալներին չկասկածել իրենց հավատքին և շարունակել մասնակցել պատարագներին, քանի որ եկեղեցու դռները բաց են բոլորի համար։ Անդրադառնալով Հովաննավանքի և Թալինի եկեղեցիներին վերաբերող միջադեպերին՝ տեր Փառեն քահանան նշեց, որ Մայր աթոռն արդեն հայտնել է իր դիրքորոշումը, և իրենք համակարծիք են։ Նա չցանկացավ կանխատեսել ապագան, բայց վստահեցրեց, որ այսօրվա իրավիճակը պետք է դիտարկել որպես հավատքի փորձություն, որի ավարտին կլինեն ավելի զորացած ու ուժեղացած։
Sputnik Արմենիա
