Անհրաժեշտ է, որ ՀՀ բոլոր քաղաքացիները, անկախ գտնվելու վայրից, իրենց միջոցներով գան Հայաստան ու մասնակցեն գալիք խորհրդարանական ընտրություններին, քանի որ «ՀՀ գործող իշխանությունների ապազգային ուղեգիծը փոխելն ու պետության զարգացման ազգային-պետական ուղեգիծ հաստատելն օրակարգային են»։ Այս մասին նշված է Փարիզում ապրիլի 11-12-ը կայացած սփյուռքի ազգային զորաշարժին նվիրված խորհրդաժողովում ընդունված կոչ-հայտարարության տեքստում։
«Մենք մերժում ենք ներկայիս իշխանությունների որդեգրած պառակտիչ և վանողական մոտեցումները»,- նշված է հայտարարության մեջ։
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, Արցախյան հիմնահարց, ազգային ինքնության և հայ եկեղեցու պահպանում, Հայաստանի պետականության հզորացում, Հայաստան-սփյուռք ռազմավարական գործակցություն․ Հայաստանից, Արցախից և սփյուռքի 26 երկրներից ժամանած ավելի քան 150 մտավորական, քաղաքական, հանրային և համայնքային գործիչների մասնակցությամբ խորհրդաժողովի ընթացքում առանձնացվել են հիմնական առաջնահերթություններն ու սահմանվել նպատակներ։
Խորհրդաժողովի բացմանը տեսաուղերձ են հղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, Արցախի հանրապետության խորհրդարանի նախագահ, նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանը:
Ընդգծվել է, որ այսօր, երբ հայկական պետականությունն անվտանգային լուրջ սպառնալիքների առջև է և թիրախավորվում են ազգային ինքնության հիմնասյուները, հրամայական է ազգային օրակարգերի շուրջ համահայկական զորաշարժը: Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի ազգային-պետական շահերը և նպատակները անքակտելի են։
Սփյուռքի քաղաքական օրակարգի առաջնահերթություններն են.
– Հայաստանի պետականության հզորացում. Հայաստանի Հանրապետության հզորացման և անվտանգության ամրապնդմանն ուղղված ծրագրային համապարփակ ռազմավարության մշակում և գործադրում:
– Հայոց ցեղասպանության ճանաչում և հատուցում. հակառակ Հայաստանի ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության՝ – — Ցեղասպանության միջազգային ճանաչման և հատուցման գործընթացը մնում է հրամայական:
Արցախյան հիմնահարց. Արցախի հարցը շարունակում է մնալ օրակարգում, այդ թվում՝ գերիների անհապաղ ազատ արձակում, Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքի միջազգայնացում, Արցախի հայկական մշակութային ժառանգության պաշտպանություն և այլն։
Խորհրդաժողովի ընթացքում հատուկ անդրադարձ է արվել ազգային արժեքների և հայ եկեղեցու դերին սփյուռքում՝ հայկական ինքնության պահպանման համար։ Ընդգծվել է, որ ներկա օրհասական պայմաններում Հայոց եկեղեցին, ինչպես անցյալում, շարունակում է մնալ ոչ միայն հոգևոր խարիսխ, այլև հայ ժողովրդի ազգային և հոգևոր ինքնության հիմնաքար։
Խորհրդաժողովի մասնակիցները դատապարտել են ՀՀ իշխանությունների սանձազերծած պայքարը Հայ առաքելական եկեղեցու դեմ, համախմբման կոչ արել։
«44-օրյա, ինչպես նաև Արցախի վերջին պատերազմներից և հայաթափումից հետո Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը սփյուռքահայության մոտ առաջացրել է խոր հիասթափություն և հուսախաբություն, որի հետևանքները նկատելի են սփյուռքի՝ հայրենիքից հեռանալու մտահոգիչ միտումներում: Խիստ դատապարտելի է ՀՀ ներկայիս իշխանությունների կողմից կազմակերպված սփյուռքն անտեսելու, պառակտելու և հայրենիքին նրա զորակցությունն արհամարհելու վնասակար քաղաքականությունը»,- նշված է հայտարարության մեջ:
Միաժամանակ, խորհրդաժողովի մասնակիցները մտահոգված են ՀՀ իշխանությունների կրավորական կեցվածքով՝ Միջին Արևելքում ծանր պայմաններում գտնվող հայկական գաղութների հանդեպ։
Խորհրդաժողովը նպատակ է սահմանել վերականգնել և որակական նոր մակարդակի բարձրացնել ինստիտուցիոնալ կապերը սփյուռքի հետ, ապահովել սփյուռքի մասնագիտական մարդուժի առավելագույն մասնակցությունը պետական զանազան նախագծերում և օղակներում՝ պատասխանատվություններ ստանձնելու հեռանկարով և այն։
