Միջազգային դատական գործընթացները շատ կարևոր են ու անվտանգային երաշխիքներ են պարունակում նախևառաջ Բաքվում պահվող գերիների պաշտպանության տեսանկյունից։ Կլոր սեղանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՄԻԵԴ–ում Միջազգային իրավական հարցերով ՀՀ նախկին ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Ինչքան էլ Ադրբեջանը չունենա ցանկալի վերաբերմունք միջազգային դատարանների որոշումների նկատմամբ, պետք է հասկանալ, որ նույնիսկ նման երկրների համար միջազգային դատական պրոցեսներն ունեն ազդեցություն։ Դրանք վստահաբար ազդում են պետության վարքագծի վրա, սահմանափակում են պետության գործունեության շրջանակները, լրացուցիչ կապանքներ են ստեղծում քաղաքական և հեղինակության առումով»,- ասաց Կիրակոսյանը։
Նա հուսով է, որ Հայաստանն այնուամենայնիվ չի գնա միջազգային դատական ատյաններից հայցերը հետ կանչելու ճանապարհով։ Կիրակոսյանի խոսքով` ծուղակ է մտածելը, թե կարող ենք գործերը չհարուցել ու միջազգային ատյաններ չդիմել, քանի որ Ադրբեջանը չի կատարելու վճիռները։
«Միջազգային դատական գործընթացների կարևորությունն առանցքային է։ Երբ այն հանում ես ընդհանուր պատկերի միջից, մնում է Բաքվի դատավարությունը։ Ակնհայտ է, որ Բաքվում այդ դատավարությունները շարունակվելու են, այսինքն՝ շարունակվելու է միակողմանի ճշմարտություն ներկայացնելը։ Իսկ այդ միակողմանի ճշմարտության պարտադրումն ակնհայտ է, որ երկարաժամկետ կտրվածքով վատ հետևանքներ է ունենալու։ Ինչի՞ մասին է խաղաղությունը, կարծում եմ՝ այդ խաղաղությունը նաև ճշմարտության մասին պետք է լինի»,- նշեց Կիրակոսյանը։
Միջազգային իրավունքի մասնագետ Աննա Մելիքյանն ուշադրություն հրավիրեց ՄԱԿ–ի գլխավոր վեհաժողովի 80-րդ նստաշրջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսույթին (Փաշինյանը, խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին, կարճ անդրադարձ էր արել գերիների և անհետ կորածների խնդրին՝ օգտագործելով «գտնվելու վայրն անհայտ անձանց» արտահայտությունը)։
«Չեզոք բառից չես հասկանում՝ այս պետությունը պահանջ ունի՞ այդ անձանց վերադարձնելու վերաբերյալ, թե ոչ։ Եթե Հայաստանը չունի, էլ ո՞վ պետք է ունենա. ոչ մեկին հետաքրքիր չէ։ Ալիևը միջազգային որևէ հարթակ բաց չի թողնում, որ հայտարարի, թե ԼՂ-ում իրենց կողմից կատարած գործողությունները, հատկապես 2023-ին իրականացվել են միջազգային իրավունքի բացարձակ անթերի պահպանման հիմքով։ Խնդիրն այն է, որ չենք լսել որևէ հակափաստարկ ՀՀ–ի կողմից, որն ավելի շատ խաղաղության մասին է խոսում։ Դրա համար մենք փաստահավաք աշխատանքը շարունակում ենք, քանի որ, եթե չլինի թղթի վրա, ապա վաղը կլինի այն ճշմարտությունը, որն արձանագրվել է այլ երկրի դատարանում»,- ընդգծեց Մելիքյանը։
Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանն էլ, անդրադառնալով Փաշինյանի ձևակերպումներին, ասաց, թե կարելի էր օգտագործել «անազատության մեջ պահվող անձ» ձևակերպումը։
«Անազատության մեջ պահվող անձը բավականին չեզոք և տարողունակ հասկացություն է ու ներառում է նաև քաղբանտարկյալի հասկացությունը։ Կարծում եմ՝ կարող էր սա օգտագործվել բարձր ամբիոնից, քանի որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները ռազմագերիներ չեն ու նաև քաղաքացիական գերիներ չեն։ Նրանք մարտական գործողությունների գոտում չեն գերեվարվել, այլ նրանք Ադրբեջանի քաղաքական ղեկավարության կողմից պահանջված անձինք են, որոնք ցուցադրական պետք է պատժի ենթարկվեն Արցախի ինքնորոշման իրավունքն իրացնելու համար»,- ասաց Սահակյանը։
Նա ընդգծեց` ՄԱԿ-ի ամբիոնից չխոսվեց, որ Բաքվում հայերը պահվում են ապօրինաբար։
Հիշեցնենք` քննչական կոմիտեի նախագահի հրապարակած վերջին պաշտոնական տվյալներով` Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է 23 պահվող անձանց մասին տեղեկությունները, որոնցից 17–ը գերեվարվել են 2023թ –ին։ Նրանց թվում են նաև Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարները։ Բացի այդ, հայկական կողմը փաստական տվյալներ ունի 44–օրյա պատերազմից հետո 32 անձի բռնի անհետացման մասին, սակայն Ադրբեջանը հերքում է այդ տեղեկությունները։
Մինչդեռ Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի տվյալով` բռնի անհետացած անձինք իրականում ոչ թե 32-ն են, այլ 80-ը։