Логотип

Եղիշե Մելիքյան. Վաղը բարդից բարդ է լինելու, բայց կտեսնեք փոփոխություն խաղի մեջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Եթե մենք չհաղթենք վաղը, կհաղթենք ապագայում: Վաղը բարդից բարդ է լինելու, բայց դաշտում կտեսնեք փոփոխություն խաղի, նվիրվածության և հավատի մեջ:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նորանշանակ մարզիչ Եղիշե Մելիքյանը:

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 6-ին կընդունի պորտուգալացիներին։

«Որևէ մեկին չեմ զարմացնի՝ ասելով, որ վաղը մեզ համար շատ դժվար է լինելու, քանի որ գործ ունենք լուրջ մրցակցի հետ: Մենք ունենք մեր պլանը, այնպես չի, որ պորտուգալացիները չունեն թույլ կողմեր: Կփորձենք փակել այն ուժեղ կողմերը, որոնք կան: Կփորձենք դաշտում մենք էլ մեր հարցերը լուծել:

Ես միշտ ունեմ խաղի պլան: Կաշխատի թե ոչ, այլ հարց է, բայց միշտ պատրաստում եմ պլան: Մրցակցին անակնկալ կմատուցենք: Կփորձենք օգտագործել այն, ինչ պլանավորել ենք: Չի կարող լինի պլան, որը անակնկալ չի լինի մրցակցի համար: Պատրաստվել ենք: Միշտ դրսից եմ տեսել մեր հավաքականը, հիմա արդեն ներսից գիտեմ. հավաքականի վրա ավելի շատ վստահ եմ, թիմում շատ լավ մթնոլորտ է, կա կարգապահություն, տղաները լիարժեք կատարում են իմ կողմից դրված խնդիրները: Այս տղաների հետ կարելի է գնալ ճանապարհ: Ես հավատում եմ:

Վաղը ի՞նչ կսըտացվի, չեմ կարող ասել, բարդից բարդ է լինելու: Չեմ կարող գուշակել հաշիվը, բայց պետք է տեսնենք փոփոխություն խաղում նվիրվածության և հավատի մեջ:

Միայն վաղը կարող եմ ցույց տալ և ասել, թե ով կլինի մեր ավագը: Մի քանիսն են արժանի ավագի թևկապին: Ունենք մի քանի լիդերներ, որոնց համար այդքան էլ կարևոր չի՝ ունի թևկապ, թե ոչ:

Ես էմոցիոնալ եմ, այո, բայց իմ բոլոր լուրջ որոշումները էմոցիոնալ չեմ անում: Հավաքականի ներսում որևէ ֆուտբոլիստի հետ խնդիր չունեմ, չեմ ունեցել նախկինում ակումբներում: Հույս ունեմ՝ ապագայում էլ չեմ ունենա: Ես միայն խնդիր ունեմ վաղը Պորտուգալիայի դեմ խաղում:

Ստյոպա Մկրտչյանը վնասվածք ունի և չի մասնակցի վաղվա և Իռլանդիայի դեմ խաղերին: Մեզ համար մեծ կորուստ է: Վնասվածք ունի նաև դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը: Նրա մասնակցությունը խաղին ռիսկային է: Դեռ որոշված չի, ով կլինի դարպասապահ:

Եթե մենք չհաղթենք վաղը, կհաղթենք ապագայում: Հավաքականում ինձ վստահ եմ զգում, թիմում տեսնում եմ լուրջ տղերքի, տեսնում եմ կոլեկտիվ: Չգիտեմ նախկինում ինչ է եղել, բայց ես այս թիմին հավատում են: Իմ առջև ՀՖՖ-ի կողմից այս փուլում ոչինչ դրված չի: Իմ առջև դրված է խնդիր, որ կան խնդիրներ, ես պետք է լուծեմ: Չգիտեմ՝ այս մրցափուլում կկարողանամ լուծել, թե ոչ: Խնդիր է դրված լուծել այդ խնդիրները և գնալ արդյունքի:

Ես արդեն 5 տարի աշխատում եմ Հայաստանում և երբեք չեմ խուսափել պատասխանից: Այս երկու խաղերից հետո առիթ կստեղծեմ, որ խոսենք իմ՝ հավաքականը գլխավորելու որոշման մասին: Ամեն ինչ նորմալ է: Ֆեդերացիայում որևէ մեկը չի փորձում խոչընդոտել իմ աշխատանքը, հակառակը՝ փորձում են օգնել, օգտակար լինել»,- ասաց Եղիշե Մելիքյանը:

Հայաստանի հավաքականը պատրաստվում է Պորտուգալիայի թիմի դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպմանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի 20:00-ին։

News.am