Логотип

ԵՄ․ Կարևոր է ժամանակին ստորագրել և վավերացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը

«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի կողմից Սպիտակ տանը նախագահ Թրամփի ներկայությամբ ձեռք բերված համաձայնագիրը, որը նշանակալի առաջընթաց է երկարատև հակամարտության դադարեցման գործում», – ասվում է Եվրոպայի խորհրդում Եվրոպական Միության պատվիրակության հայտարարության մեջ։

Նաև նշվում է՝

«Այժմ կարևոր է ապահովել համաձայնեցված քայլերի ժամանակին իրականացումը, մասնավորապես՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը և վավերացումը»։

Անցյալ տարվա մարտին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ երկկողմ բանակցությունների ավարտից հետո, սա կարևոր և վճռորոշ քայլ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման ճանապարհին՝ հիմնված 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն՝ միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման վրա։ Ակնկալվում է, որ համաձայնեցված քայլերի իրականացումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի ընդհանուր խաղաղ զարգացման վրա և կօգնի, որ հակամարտությունների ժառանգությամբ բաժանված հասարակությունները մերձենան կայուն խաղաղությանը և ընդհանուր բարգավաճմանը։

Մենք նշում ենք, որ այս կարևոր իմպուլսը պահպանվում է, այդ թվում՝ հաշվի առնելով գլխավոր քարտուղար Բերսեի կողմից այն փաստի հաստատումը, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին այն պահին, երբ նրանք իրենց ընդհանուր պատմության այս էջն են թերթում։

ԵՄ-ն ամբողջությամբ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և արդեն երկար տարիներ է՝ աշխատում է երկու կողմերի և մեր միջազգային գործընկերների հետ՝ հարատև խաղաղության համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ Մենք շարունակում ենք պատրաստ լինել համագործակցել գործընկերների հետ՝ լիարժեք կարգավորման նպատակով՝ տրամադրելով լրացուցիչ աջակցություն և փորձագիտական օգնություն, այդ թվում՝ հետագա քայլերի գործնական իրականացման համար»։

News.am