Եվրոպական միության դեսպաններն իրենց վերջին հանդիպման ժամանակ չկարողացան համաձայնության գալ Ռուսաստանի դեմ 20-րդ պատժամիջոցների փաթեթի ընդունման շուրջ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
Ավելի վաղ Bloomberg-ը հաղորդել էր նոր սահմանափակող միջոցառումների շուրջ համաձայնության գալու դժվարությունների մասին: Գործակալության տվյալներով՝ տարաձայնությունը ծագել է ռուսական նավթի արտահանման դեմ խստացման միջոցառումների շրջանակում արտասահմանյան նավահանգիստների և բանկերի նկատմամբ պատժամիջոցները տարածելու առաջարկների շուրջ։
Մասնավորապես՝ Իտալիան և Հունգարիան դեմ էին վրացական Կուլևի նավահանգստի նկատմամբ սահմանափակումներ կիրառելուն, մինչդեռ Հունաստանը և Մալթան մտահոգություն հայտնեցին ինդոնեզական Քարիմուն նավահանգստի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ: Բացի դրանից, Մադրիդը և Հռոմը չաջակցեցին կուբայական բանկերից մեկը պատժամիջոցների ցանկում ավելացնելու առաջարկին։
Եվրահանձնաժողովը նոր պատժամիջոցների փաթեթի նախագիծը ներկայացրեց փետրվարի սկզբին: Այն ներառում էր ռուսական նավթի փոխադրումներին առնչվող ծովային ծառայությունների լիակատար արգելք: Նախատեսվում էր նաև սահմանափակումների ենթակա նավերի ցանկը ընդլայնել ևս 43 միավորով. նման դեպքում դրանց ընդհանուր թիվը կհասներ 640-ի։
Միաժամանակ, ԵՄ-ն մտադիր էր սահմանափակել այսպես կոչված «ստվերային նավատորմում» օգտագործվող լցանավերի գնումը, ինչպես նաև արգելել հեղուկ բնական գազ տեղափոխող լցանավերի և սառցահատների տեխնիկական սպասարկումը և այլ ծառայությունները, ի լրումն ներմուծման գործող արգելքի։
News.am
