Логотип

ԵՄ դիտորդները Գեղարքունիքում հայտնվել են կրակահերթի տակ. միջադեպը գաղտնի է պահվել

Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության անդամները փետրվարի 24-ին Գեղարքունիքի մարզի Շորժա բնակավայրի հատվածում հայտնվել են կրակահերթի տակ, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Ըստ պարբերականի՝ միջադեպը տեղի է ունեցել սահմանային դիտարկման ժամանակ, սակայն կողմերը նախընտրել են չհանրայնացնել պատահարը՝ խաղաղության գործընթացին չվնասելու նպատակով:

Թերթի տվյալներով՝ ադրբեջանական կողմը նախապես տեղեկացված էր այցի մասին, իսկ դիտորդները կրել են հատուկ տարբերանշաններ:

Միջադեպի հետևանքով տուժածներ չկան, առաքելությունը պատահարի մասին գրավոր զեկուցել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարություններին:

Միջադեպի ֆոնին տեղեկություններ են շրջանառվում նաև առաքելության ներսում առկա կառավարչական ճգնաժամի մասին, որն ի հայտ է եկել ղեկավար Մարկուս Ռիտերի՝ Հայաստանից հեռանալուց հետո, հավելել է լրատվամիջոցը: Թերթի աղբյուրները նշում են, որ սահմանային ակտիվ մոնիթորինգի փոխարեն դիտորդները սկսել են ավելի շատ ժամանակ անցկացնել հանգստյան գոտիներում:

ԵՄ-ն 2025-ի առաքելության ժամկետը երկարաձգել էր մինչև 2027 թվականի փետրվարը: Առաքելության ղեկավարությունը նախկինում հայտարարել էր, որ եվրոպացի դիտորդների կարիքը կվերանա միայն հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի վերջնական վավերացումից հետո:

Armenia Today