Եվրամիությունը հեռացրել է Վրաստանին ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող անվտանգության և կազմակերպված հանցավորության վերաբերյալ տարածաշրջանային նախագծերից։ Այս մասին նշվել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկու՝ երկրի արտաքին գործերի նախարարությանն ուղղած նամակում, որը հայտնվել է «Ռուսթավի 2» հեռուստաալիքի տրամադրության տակ։
«Վրաստանում ստեղծված բացառիկ հանգամանքների պատճառով և Եվրոպական խորհրդի 2024թ․ հունիսի 27-ի եզրակացության համաձայն, որի արդյունքում դե ֆակտո դադարեցվել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը, տեղեկացնում եմ ձեզ, որ Վրաստանի մասնակցությունը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող անվտանգության և կազմակերպված հանցավորության վերաբերյալ հետագա տարածաշրջանային նախագծերին կասեցվել է»,- նշվել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Գեորգի Զուրաբիշվիլուն ուղղված նամակում։
Գերչինսկին նամակում պարզաբանել է, որ խոսքը վերաբերում է երեք նախագծի՝ Արևելյան գործընկերության շրջանակում կազմակերպված հանցավորության դեմ պայքարին՝ Եվրոպոլի աջակցությամբ, կազմակերպված հանցավորության դեմ պայքարում համագործակցությանը (TOPCOP II) և ԵՄ թմրանյութերի մոնիթորինգի նախագծին (EU4MD II): Վրաստանին ծրագրերից հեռացնելն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 15-ին և վերաբերում է Վրաստանի ներքին գործերի և արդարադատության նախարարությունների ներկայացուցիչներին։
News.am
