Ուկրաինայում հակամարտության պատճառով ռազմական ներուժի ամրապնդման ԵՄ ծրագրերի ֆոնին Թուրքիան կարող է հասանելիություն ստանալ պաշտպանական նախագծերի ֆինանսավորման եվրոպական մեխանիզմներին և սպառազինությունների համատեղ գնումներին: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հայտնել է The New York Times թերթը:
Մայիսին Եվրամիության երկրները հավանություն են տվել SAFE վարկային գործիքի ստեղծմանը, որը նախատեսված է սպառազինությունների արտադրության ավելացման նպատակով մինչև 150 մլրդ եվրո ներգրավելու համար: Ինչպես գրում է պարբերականը, հունիսին ԵՄ ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել էր Թուրքիայի՝ այդ նախաձեռնությունում ընդգրկվելու մասին, ինչը Անկարային հնարավորություն է տալիս մասնակցել ֆինանսավորմանը և համատեղ պաշտպանական ծրագրերին:
«Ուկրաինայի հակամարտությունն արագացրել է սեփական պաշտպանությունն ուժեղացնելու Եվրոպայի ձգտումը, հատկապես Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալու և ՆԱՏՕ-ին ԱՄՆ-ի հավատարմության վերաբերյալ կասկածների աճի ֆոնին։ Այս համատեքստում Թուրքիան կարևոր դեր է խաղում», – նշում է NYT-ն։
Թերթն ընդգծում է, որ Անկարան «նուրբ դիվանագիտական գիծ» է վարում. պահպանելով հարաբերությունները ինչպես Մոսկվայի, այնպես էլ Կիևի հետ՝ Թուրքիան միաժամանակ ամրապնդում է համագործակցությունն արևմտյան գործընկերների հետ: Թուրքական պաշտպանական ընկերությունները, թերթի տվյալներով, Ուկրաինայի համար նշանակալի մատակարարներ են դարձել, այդ թվում՝ ԱՄՆ-ի ձեռնարկություններին բաղադրիչների արտադրության ու փոխանցման ուղղությամբ:
«Տեխասում զինամթերքի արտադրության գործարաններից մեկը, որը բացվել է անցյալ տարի, օգտագործում է թուրքական արտադրության արտադրական գծերը, որոնք հավաքել են թուրք մասնագետները, և, ինչպես սպասվում է, կապահովի Պենտագոնի արկերի թողարկման ծրագրի մոտ մեկ երրորդը»,- գրում է The New York Times-ը:
Նշենք, որ Մոսկվայում բազմիցս հայտարարել են, որ Ուկրաինային զենքի մատակարարումը խանգարում է խաղաղ կարգավորմանը և փաստորեն ՆԱՏՕ-ի երկրներին ներքաշում հակամարտության մեջ: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Ուկրաինայի համար սպառազինությամբ ցանկացած բեռ «օրինական թիրախ է դառնում Ռուսաստանի համար», իսկ Կրեմլում զգուշացրել են, որ Արևմուտքի կողմից Կիևին զենք մատակարարելը միայն սրում է իրավիճակը:
Sputnik Արմենիա
