Логотип

ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է ավելի քան 200 միլիոն եվրո դիմակայունության և աճի ծրագրի համար

Առաջին անգամ է, որ հնարավոր է դարձել Հարավային Կովկասում խաղաղություն բերել, և դա է իմ այցի նպատակն ու պատճառը: Այդ մասին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը՝ հավելելով, որ պատրաստ են շարունակել ՀՀ-ԵՄ գործընկերության մասով ջանքերը:

«Խաղաղության գործընկերությունը շատ կարևոր է, մենք պետք է շարունակենք պահը բաց չթողնել և ներդրումներ իրականացնել տրանսպորտի, կապակցվածության, ինչպես նաև թվայնացման ոլորտում, նաև ժամանակն է խաղաղության գործընթացում ներդրումներ կատարելու:

Երբ խոսում ենք տնտեսական զարգացումներից, տեսական հարաբերությունների մեր համագործակցության մասին, մենք հաճախ մոռանում ենք՝ որքան կարևոր է ապրել խաղաղության պայմաններում: Եվրոպան հիմնված է խաղաղության վրա և խաղաղության գործընկերն է: Հարավային Կովկասն ու Հայաստանը շատ կարևոր մաս են այն փոփոխությունների, որոնք փոխելու են Եվրոպայում և Հարավային Կովկասում իրավիճակը»,- ասաց նա:

«Ինձ համար շատ մեծ պատիվ է հայտարարել, որ մենք Հայաստանի համար դիմակայունության և աճի ծրագրի երկրորդ փուլի ֆինանսավորումն ենք հատկացնում. ավելի քան 200 միլիոն եվրոյի մասին է խոսքը, որը կխթանի կապակցվածության, դիմակայունության և բիզնեսի զարգացման ոլորտում ներդրումները։ Սա վկայում է Հայաստանի հստակ բարեփոխումների օրակարգին հավատարիմ լինելու մասին» Սա նաև վկայում է ձեր հստակ հանձնառության մասին՝ կարևոր ոլորտներում բարեփոխումներ իրականացնելուն»,-նշեց Կոսը։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին տրանսպորտի, թվայնացման, առևտրի, էներգետիկայի և ենթակառուցվածքային նախագծերում՝ համահունչ «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։

Կոսն ընդգծեց նաև, որ խաղաղության գործընթացում ներդրումներ կատարելը ԵՄ-ի առաջնահերթություններից է։

«Երբ խոսում ենք տնտեսական զարգացումներից և հարաբերություններից, հաճախ մոռանում ենք, թե որքան կարևոր է ապրել խաղաղության պայմաններում։ Եվրոպան հիմնված է խաղաղության վրա և խաղաղության գործընկերն է։ Հարավային Կովկասը և Հայաստանը շատ կարևոր մաս են այն փոփոխությունների, որոնք փոխելու են իրավիճակը Եվրոպայում և տարածաշրջանում»,- ընդգծեց նա։

ԵՄ հանձնակատարը նշեց, որ 2021 թվականից ի վեր արդեն մոբիլիզացվել է ավելի քան 2,5 միլիարդ եվրո ներդրում Հայաստանի համար։

Բացի այդ, նա տեղեկացրեց, որ ստորագրվել է համաձայնագիր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ՝ ուղղված մաքսային գործողությունների բարելավմանը, ինչպես նաև փախստականների և նրանց հյուրընկալող համայնքների կարիքներին աջակցելուն։

Կոսը հավելեց, որ ԵՄ-ն ակտիվորեն աշխատում է միջազգային և միջտարածաշրջանային կապի օրակարգի մշակման ուղղությամբ՝ Եվրոպան Կենտրոնական Ասիայի հետ կապելով նաև Հարավային Կովկասի, այդ թվում՝ Հայաստանի միջոցով։

News.am