Եվրամիությունը սկսել է սահմանափակել Հունգարիայի մասնակցությունը գաղտնի հանդիպումներին՝ մտավախություն ունենալով, որ Բուդապեշտը կարող է գաղտնի տվյալներ փոխանցել Մոսկվային, հայտնել են Politico-ի իրազեկ աղբյուրները։ Նրանց խոսքով՝ սա հանգեցրել է նրան, որ ԵՄ բոլոր 27 անդամ երկրների մասնակցությամբ ընդհանուր նիստերի փոխարեն «եվրոպական դիվանագիտության զգալի մասն» այս պահին իրականացվում է փոքր խմբերի ձևաչափով։ Այսպես, բանակցություններն ընթանում են E3 (Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա), E4 (նույն երկրները՝ գումարած Իտալիան), «Վեյմարյան եռանկյունի» (Գերմանիա, Լեհաստան, Ֆրանսիա), NB8 (Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան ութ երկրներ) և այլ խմբերում։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարությունը սերտ շփումներ է պահպանել Ռուսաստանի հետ Ուկրաինայի պատերազմի ողջ ընթացքում, ավելի վաղ The Washington Post-ին հայտնել են եվրոպական աղբյուրները։ Նրանք նշել են, որ երկրի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն օգտագործել է ԵՄ անդամ այլ երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումների ընդմիջումները՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին զանգահարելու համար։ Այս ֆոնին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Օրբանի ներկայացուցիչները «ամենայն մանրամասնությամբ տեղեկացրել են Մոսկվային ԵՄ խորհրդի նիստերի մասին»։ «Մենք վաղուց կասկածներ ունեինք այդ հարցում։ Սա պատճառներից մեկն է, թե ինչու եմ ես խոսք վերցնում միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և ասում այնքան, որքան հարկավոր է», — գրել է Տուսկը X-ում։
Politico-ի տվյալներով՝ ԵՄ ղեկավարությունը չի ցանկանում պաշտոնապես մեկնաբանել Հունգարիայի կողմից Ռուսաստանին տվյալների փոխանցման մասին տեղեկատվությունը, որպեսզի չազդի երկրում ապրիլի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ելքի վրա։ Մինչդեռ Օրբանի կառավարությունը հերքել է Մոսկվայի հետ սերտ կապերի առկայությունը։ Եվրոպական հարցերով նախարար Յանոշ Բոկան այդ մասին հրապարակումներն անվանել է «կեղծ լուրեր», որոնք ուղղված են Օրբանի «Ֆիդես» կուսակցության վարկանիշի նվազեցմանը։ Ըստ Politico-ի հաշվարկած հարցումների ամփոփիչ արդյունքների՝ «Ֆիդեսի» օգտին պատրաստ է քվեարկել Հունգարիայի բնակիչների 39%-ը, իսկ ընդդիմադիր «Տիսա» կուսակցության օգտին՝ 48%-ը։
Իր դաշնակցին աջակցելու համար Կրեմլը, Financial Times-ի տվյալներով, առաջարկել է հունգարական սոցիալական ցանցերում ապատեղեկատվություն տարածելու ծրագիր։ Քարոզչական արշավը Օրբանին ներկայացնում է որպես միակ թեկնածուի, ով կարող է պահպանել Հունգարիայի ինքնիշխանությունը։ Նաև, ինչպես գրել էր WP-ն՝ հղում անելով Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ներքին զեկույցին, ընտրությունների ելքի վրա ազդելու համար Մոսկվան առաջարկել էր Օրբանի դեմ մահափորձ բեմականացնել։
News.am
