Եվրամիությունը պատրաստ է աջակցել լարվածության թուլացմանը և Իրանի հետ բանակցությունների վերսկսմանը։ Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և Եվրախորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ առցանց հանդիպումից հետո: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Եվրոպական միությունը տարածաշրջանի համար այս դժվարին պահերին վաղեմի և հուսալի գործընկեր է և պատրաստ է բոլոր հնարավոր միջոցներով իր ներդրումն ունենալ՝ նպաստելու իրավիճակի ապաէսկալացիային և գործընթացը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելուն: Չնայած այն հանգամանքին, որ կանոնների վրա հիմնված միջազգային կարգի նկատմամբ ճնշում է գործադրվում, մենք խորապես համոզված ենք, որ երկխոսությունն ու դիվանագիտությունը առաջընթացի միակ կենսունակ ճանապարհն են», – ասված է փաստաթղթում:
Նշվում է, որ առաջնորդները քննարկել են նաև գլոբալ էներգետիկ անվտանգության համար էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների և Հորմուզի նեղուցի փակման հետևանքները և այդ ռիսկերը նվազեցնելու նպատակով դիտարկել են Մերձավոր Արևելքում գործընկերների հետ համագործակցության ամրապնդման հնարավորությունները:
Հանդիպմանը մասնակցել են Հորդանանի, Եգիպտոսի, Բահրեյնի, Լիբանանի, Սիրիայի, Թուրքիայի, Հայաստանի, Իրաքի, Կատարի, Քուվեյթի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի և Օմանի առաջնորդները:
Sputnik Արմենիա
