Логотип

ԵՊԲՀ բժիշկների հիշատակի անկյունը փակվել է. նմուշները տեղափոխվում են թանգարան

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի միջանցքում ալևս չկա Արցախյան հերոսամարտերում զոհված բժիշկներին նվիրված հիշատակի անկյունը։

Sputnik Արմենիան այսօր այցելել էր բժկական համալսարան, որտեղ ուսանողները նշեցին, որ իրենց հասած տեղեկություններով` նմուշները պետք է թարգարան է տեղափոխվեն, սակայն երբ ու ինչ ձևաչափով` իրենք չգիտեն։

Բժշկական համալսարանի կայքէջից պարզ երևում է, որ տարիներ շարունակ համալսարանի այս հատվածը գործել է որպես յուրատեսակ հուշավայր՝ միաժամանակ կատարելով նաև կրթական և հայրենասիրական կարևոր առաքելություն։

Այդ հատվածում ցուցադրված էին բժիշկների անձնական իրեր, լուսանկարներ ու կենսագրական տվյալներ, ինչպես նաև Շուշիի ազատագրման մակետը։

Բժշկական համալսարանի հասարակայնության հետ կապերի բաժնից Sputnik Արմենիային պարզաբանեցին, որ Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետում վերանորոգման աշխատանքներ են ընթանում, և ցուցանմուշներն այս պահին հավաքված են։

«Բոլոր նմուշները տեղափոխվելու են համալսարանի Բժշկության պատմության թանգարան, այդ թվում՝ Շուշիի ազատագրման մակետը, որն այս պահին խնամքով պահվում է։ Բժշկության պատմության թանգարանում զինվորական ևս մեկ սրահ է ավելացվելու, և առաջիկա 10 օրվա ընթացքում արդեն հստակություն կլինի, թե ինչ ձևաչափով դրանք կցուցադրվեն։ Բնական է, որ որոշ նմուշներ նորովի են ներկայացվելու»,- ասացին համալսարանից։

Համալսարանից Sputnik Արմենիային տրամադրեցին նաև հավաքված նմուշների նկարները, ավելին` որոշներն արդեն տեղ են գտել Բժշկության պատմության թանգարանում։