Логотип

ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ ՀԱՎԱՔԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՆԴԵՊ ՀԱԼԱԾԱՆՔՆԵՐԸ

ՀԱԵ Եպիսկոպոսաց դասը խորը մտահոգություն է հայտնում եկեղեցի-պետություն հարաբերությունների անցանկալի ներկա կացության առնչությամբ, ասվում է Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում գումարված Եպիսկոպոսաց հավաքի արդյունքում տարածված հայտարարության մեջ։

Այն ստորագրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Երուսաղեմի Հայոց պատրիարքության և Կ․Պոլսի Հայոց պատրիարքության 25 եպիսկոպոս։ Հայտարարությունն ստորագրել է նաև ավելի վաղ եկեղեցու բարենորոգման համար վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը միացած Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը։

Նշվում է, որ քրեական անհիմն հետապնդման պատճառով արգելափակվել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների ելքը Հայաստանից ու մասնակցությունը եկեղեցու կյանքում կարևոր նշանակություն ունեցող այս պատկառելի հավաքին։

«Արհեստականորեն ստեղծված խոչընդոտի պատճառով հարկադրված էինք տեսակապի միջոցով ունկնդիր լինել կաթողիկոսի հայրապետական պատգամին»,- ասվում է հայտարարության մեջ։

Եպիսկոպոսները կոչ են արել ՀՀ իշխանություններին դադարեցնել եկեղեցու հանդեպ հալածանքները և հարգել եկեղեցու դարերով ամրագրված ինքնիշխանությունն ու ինքնավարությունը՝ եկեղեցի-պետություն հարաբերությունները խարսխելով փոխադարձ հարգանքի, իրավասությունների հստակ տարանջատման և ազգային շահի առաջնահերթության վրա։

Նրանք հորդորել են վերջ դնել շինծու մեղադրանքներով ու զրպարտություններով եկեղեցականների ու կաթողիկոսի նկատմամբ բռնաճնշումներին, ազատ արձակել կալանավորված չորս սրբազանին, քահանային, ինչպես նաև եկեղեցուն ի պաշտպանություն հանդես եկած հայորդիներին, գործել բացառաբար ՀՀ սահմանադրությամբ, օրենսդրությամբ և միջազգային օրենքներով և հավատարիմ մնալ հռչակված ժողովրդավարական սկզբունքներին՝ երաշխավորելով երկրում խղճի, կրոնի և դավանանքի ազատությունը, պառակտման փոխարեն ապահովելով հասարակական համերաշխություն։

Եպիսկոպոսաց դասը նշել է, որ առկա խնդիրներն ու հակառակությունները պետք է փարատել երկխոսության ոգով, առանց նախապայմանների՝ զերծ մնալով անհեռանկար վերջնագրային խոսույթից։ Եպիսկոպոսաց հավաքի մասնակիցները, միաժամանակ, հորդորել են խոտորյալ ութ սրբազանին գործել Սուրբ Էջմիածնի, կաթողիկոսի հանդեպ հավատարմության ուխտի և ծառայական կոչման գիտակցությամբ, ներեկեղեցական կյանքին առնչվող խնդիրներն արծարծել և լուծել բացառապես եկեղեցու լիազոր ատյաններում։

ՀՀ գլխավոր դատատախազությունը փետրվարի 14-ին քրեական հետապնդում էր հարուցել վեհափառի նկատմամբ՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման (Գևորգ) Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով: Կաթողիկոսի ելքը ՀՀ-ից արգելվել էր:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը փետրվարի 15-ին հայտարարել էր, որ կաթողիկոսի բացակայությամբ ժողովը դառնում է Եպիսկոպոսաց հավաք:

Armenia Today