Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի, ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանի սպանության և Արծրուն Գալստյանի սպանության փորձի համար մեղադրվող Գևորգ Հարությունյանը չի ընդունում ներկայացված մեղադրանքը։
«Էս կատարված սպանությունների հետ ես կապ չունեմ։ Էս ամեն ինչն արել եմ վախից ելնելով․ էսքան ամիս անցել է, չեմ ուզում մեղքի ու անեծքի տակ մտնել, մնացած մանրամասներն էլ մյուս դատական նիստերին կասեմ»,- հայտարարեց Հարությունյանը։
Սպանությունների և սպանության փորձի հետ կապը հերքում է նաև Նարեկ Օհանյանը, որին մեղադրանք է առաջադրվել սպանությանն ու սպանության փորձին վրեժի շարժառիթով օժանդակելու համար։
«Փետրվարի 5-ի դեպքի հետ կապված՝ Վալոդյա Գրիգորյանը դրա հետ կապ չի ունեցել, համենայն դեպս, էդտեղ չի եղել։ Ո՛չ Վալոդյա Գրիգորյանի, ո՛չ Կարեն Աբրահամյանի, ո՛չ էլ Արծրուն Գալստյանի հետ բացասական շփում չեմ ունեցել․․․ Սկզբնական շրջանում մարդու մտքով ինչ ասես՝ կարար անցներ, գիտեմ, որ կարող էի քննչական կոմիտեում տենց բան չասել, որ սկզբնական շրջանում վրեժի շարժառիթ ունեցել եմ ոչ թե Վալոդյա Գրիգորյանի, այլ Պայքար Գրիգորյանի նկատմամբ։ Ինձ հիմա մեղադրում են նենց բաների մեջ, որ ոչ մտածել եմ, ոչ արել եմ»,- հայտարարեց Օհանյանը։
Նշենք, որ տուժող կողմը պնդում է՝ հապճեպ նախաքննությունն է արվել, պաշտպանական կողմը համաձայն է։
Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ Դեպքի վայրում վիրավորում է ստացել ևս մեկ քաղաքացի` Արծրուն Գալստյանը։
Հանցագործությունը կատարելու կասկածանքով սեպտեմբերի 26–ին ձերբակալվել է Նարեկ Օհանյանը, որը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է և 2025թ․ փետրվարի 5-ին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը (զինված հարձակման մեջ ներգրավված է եղել նաև Վալոդյա Գրիգորյանի եղբայրը՝ Պայքար Գրիգորյանը` խմբ․): Սեպտեմբերի 28-ին ձերբակալվել է Գևորգ Հարությունյանը, որը խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրազենը։
Sputnik Արմենիա
