Логотип

Եվրախորհուրդը համաձայնել է զրկել նախկին գլխավոր քարտուղարին դիվանագիտական անձեռնմխելիությունից՝ Էփշտեյնի գործի պատճառով

Եվրոպայի խորհուրդը՝ մարդու իրավունքների պաշտպանության հարցերով մայրցամաքի առաջատար կազմակերպությունը, չորեքշաբթի օրը հայտարարել է, որ համաձայնել է դիվանագիտական անձեռնմխելիությունից զրկել իր նախկին գլխավոր քարտուղար, նորվեգացի Թորբյորն Յագլանդին։ Սա թույլ կտա ոստիկանությանը հետաքննել Ջեֆրի Էփշտեյնի հետ նրա կապերը, հայտնում է Reuters-ը։

Նորվեգիայի քրեական ոստիկանությունը հետաքննություն է սկսել Թորբյորն Յագլանդի նկատմամբ, ով նախկինում զբաղեցրել է նաև Նորվեգիայի վարչապետի, արտաքին գործերի նախարարի և Նոբելյան խաղաղության մրցանակի հանձնաժողովի նախագահի պաշտոնները։ Նա կասկածվում է ծանրացուցիչ հանգամանքներում կատարված կոռուպցիայի մեջ։

2009-2019 թվականներին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Յագլանդի նկատմամբ հետաքննություն սկսելու որոշումը հիմնված է վերջերս հրապարակված փաստաթղթերի վրա, որոնք վերաբերում են ԱՄՆ-ում սեռական բռնության համար դատապարտված և 2019-ին բանտում մահացած Էփշտեյնին։ Յագլանդի փաստաբան Անդերս Բրոսվիտը հայտարարել է, որ անձեռնմխելիությունից զրկելու որոշումը սպասելի է եղել և Յագլանդը կհամագործակցի քննչական մարմինների հետ՝ բոլոր հարցերը պարզաբանելու համար։

«Նա շատ լուրջ է վերաբերվում այս հարցին, սակայն ցանկանում է ընդգծել, որ, իր համոզմամբ, չկան այնպիսի հանգամանքներ, որոնք կհանգեցնեին քրեական պատասխանատվության»,- ասված է փաստաբան Բրոսվիտի հայտարարության մեջ։

Ոստիկանական հետաքննություն անցկացնելու համար անհրաժեշտ էր Յագլանդին զրկել անձեռնմխելիությունից և Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ դիմել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի անդամ 46 երկրներին՝ խնդրելով անել դա։ Յագլանդին որևէ հանցագործության մեջ մեղադրանք չի առաջադրվել, սակայն քննությունը կփորձի պարզել՝ արդյոք նրա պաշտոնեական դիրքի հետ կապված եղել են ստացված նվերներ, ուղևորություններ կամ վարկեր, թե ոչ, հայտնել են ոստիկանությունից։ «Յագլանդը, որպես Եվրոպայի խորհրդի ընտրված գլխավոր քարտուղար, կխախտեր իր պաշտոնին վստահված հատուկ հավատը, եթե կաշառք ստացած լիներ»,- փետրվարի 8-ի նամակում նշել է Նորվեգիայի ոստիկանությունը, որով դիմել էր Խորհրդին՝ անձեռնմխելիությունը չեղարկելու խնդրանքով։

ԱՄՆ-ում նոր ֆայլերով դոսյեի հրապարակումը բացահայտել է Էփշտեյնի բազմաթիվ նոր կապեր քաղաքական գործիչների, թագավորական ընտանիքների անդամների և գերհարուստ մարդկանց հետ ողջ Եվրոպայում և Միացյալ Նահանգներում։ Փաստաթղթերը, ի թիվս այլնի, ցույց են տալիս, որ 2014 թվականին Յագլանդի և Էփշտեյնի օգնականները մանրամասն պլաններ են կազմել, որպեսզի Յագլանդը, նրա կինը, երկու երեխաները և որդու ընկերուհին այցելեն Էփշտեյնին Փալմ Բիչում և նրան պատկանող Կարիբյան կղզում։

Յագլանդը, ով այդ ժամանակ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների պաշտպանության հարցերով վերահսկիչ մարմնի գլխավոր քարտուղարն էր, հերքել է, որ երբևէ այցելել է Էփշտեյնի մասնավոր կղզի։ 2014 թվականին ուղարկված էլեկտրոնային նամակում նա դիմել է Էփշտեյնին՝ խնդրելով օգնել Օսլոյում բնակարան գնելու ֆինանսավորման հարցում։ 2018 թվականի էլեկտրոնային նամակներում Էփշտեյնը խնդրել է Յագլանդին կազմակերպել իր հանդիպումը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ նշելով, որ գաղափարներ ունի, որոնք կարող է առաջարկել նախագահ Վլադիմիր Պուտինին։

Յագլանդը խոստացել է քննարկել այդ հարցը Լավրովի օգնականի հետ։ Նորվեգիայի ոստիկանությունը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Էփշտեյնի հետ կապված կոռուպցիոն մեկ այլ գործի շրջանակներում հետաքննություն է վարում նաև երկու բարձրաստիճան դիվանագետների նկատմամբ։ Միևնույն ժամանակ, երկրի թագաժառանգ արքայադուստրը բազմիցս ներողություն է խնդրել հեղինակազրկված ֆինանսիստի հետ իր ընկերության համար։ Նորվեգիայի խորհրդարանական վերահսկողության կոմիտեն երեքշաբթի միաձայն համաձայնել է նշանակել հազվադեպ հանդիպող արտաքին հետաքննություն՝ Էփշտեյնի հետ արտաքին գործերի նախարարության կապերը պարզելու համար։

News.am