Եվրախորհրդարանը հինգշաբթի ԵՄ-ին կոչ է արել ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել եվրոպական անվտանգության համար և ակտիվորեն աջակցել Ուկրաինայում խաղաղությանը։ Այդ մասին ասված է Եվրախորհրդարանի հայտարարության մեջ։
Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ԱՄՆ վարչակազմի վերջին նախաձեռնություններից հետո լիագումար նիստը 401 կողմ, 70 դեմ և 90 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ բանաձև է ընդունել։ Բանաձևը ԵՄ-ին և դրա անդամ պետություններին կոչ է անում ցուցաբերել առաջնորդություն այս կարևոր աշխարհաքաղաքական պահին և շարունակել համագործակցել Վաշինգտոնի և այլ համախոհ գործընկերների հետ՝ ապահովելու համար, որ արդար և երկարատև խաղաղության համար բանակցություններն ընթանան միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան։
Եվրոպական խորհրդարանի անդամները կարծում են, որ ցանկացած կայուն խաղաղության պետք է նախորդի արդյունավետ հրադադարը և աջակցվի Կիևին ուղղված ԵՄ-ի և ԱՄՆ-ի անվտանգության հավաստի երաշխիքներով՝ ըստ ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի և ԵՄ 42.7 հոդվածի՝ ցանկացած նոր ագրեսիայի կանխարգելման, զսպման և անհապաղ հակազդման համար։
Եվրոպական խորհրդարանի անդամները միաժամանակ հայտարարել են, որ ցանկացած ժամանակավորապես օկուպացված ուկրաինական տարածք ԵՄ-ն և դրա անդամ պետություններն օրինականորեն չեն ճանաչի որպես ռուսական տարածք։ Ընդգծելով Եվրոպայի մասնակցության անհրաժեշտությունը ցանկացած խաղաղության բանակցություններում, քանի որ Ուկրաինայում պատերազմի արդյունքը խոր ազդեցություն կունենա ամբողջ եվրոպական անվտանգության կարգի վրա, նրանք կրկնում են, որ «Ուկրաինային վերաբերող ոչինչ չպետք է որոշվի առանց Ուկրաինայի, և որ Եվրոպային վերաբերող ոչինչ չպետք է որոշվի առանց Եվրոպայի»։
Տեքստում շետշվում են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը դադարեցնելու ԱՄՆ վարչակազմի ջանքերը։ Սակայն բանաձևում ուսումնասիրում է նաև Վաշինգտոնի երկիմաստ քաղաքականությունը Կիևի նկատմամբ, որը խաթարում է երկարատև խաղաղության հասնելու նպատակը։ Եվրախորհրդարանի անդամները նաև ընդգծել են, որ ցանկացած խաղաղության համաձայնագիր չպետք է սահմանափակի Ուկրաինայի կարողությունը պաշտպանելու իր ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը։
News.am
