Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 12–ի նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Բազմաոլորտ բյուջետային աջակցության պայմանագիր» ֆինանսավորման համաձայնագրին։
Հիմնավորման մեջ նշվում է, որ 2025թ. հուլիսին Եվրոպական հանձնաժողովի որոշմամբ հաստատվել է Հայաստանի համար Դիմակայունության և աճի պլանի ներքո 2025-2027 ֆինանսական տարիների համար նախատեսված ԵՄ ֆինանսական աջակցության 143 մլն եվրո ընդհանուր արժողությամբ բազմամյա գործողությունների ծրագիրը, որը բաղկացած է երկու՝ բյուջետային աջակցության և տեխնիկական աջակցության բաղադրիչներից՝ համապատասխանաբար 90 մլն եվրո և 53 մլն եվրո արժողությամբ:
Բյուջետային աջակցության ուղղություններն են.
հանրային ֆինանսների կառավարում և ներքին վերահսկողություն,
արտահանման դիվերսիֆիկացիա,
վիզաների ազատականացման երկխոսություն և իրավունքի գերակայություն,
զբաղվածություն, հմտություններ և սոցիալական ներառում:
Այժմ նախատեսվում է ստորագրել «Բազմաոլորտ բյուջետային աջակցության պայմանագիր» ֆինանսական համաձայնագիրը, որը բաղկացած է բյուջետային աջակցության 90 մլն եվրո և տեխնիկական աջակցության 53 մլն եվրո արժողությամբ բաղադրիչներից:
Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 90 մլն եվրո բյուջետային աջակցություն և 53 մլն եվրո տեխնիկական աջակցություն:
Բյուջետային աջակցության շրջանակներում Հայաստանը հանձնառություն է ստանձնել իրականացնելու 34 միջոցառումներ, այդ թվում՝ նույնականացման կենսաչափական համակարգի ներդրում, առողջության համընդհանուր ապահովագրության ու Ղարաբաղի փախստականների բնակարանային ապահովության ծրագրի շարունակական իրականացում։
News.am
