Բեռլին ժամանած եվրոպացի առաջնորդները կոչ են արել ստեղծելու բազմազգ ուժեր՝ Ուկրաինայի վերակառուցմանը և պաշտպանությանը նպաստելու համար, հայտնում է BBC-ն:
Գերմանիայի մայրաքաղաքում հանդիպումից հետո արված հայտարարության մեջ նրանք նշել են, որ խաղաղության պայման պետք է լինի Եվրոպայի գլխավորած ուժերի տեղակայումը, որը կազմված կլինի «ԱՄՆ-ի աջակցությունը վայելող վճռական կոալիցիայի մեջ մտնող երկրներից»։
Նման ուժերի խնդիրները պետք է ներառեն «ուկրաինական զորքերի վերակառուցմանը նպաստելը, Ուկրաինայի երկնքի պաշտպանությունը և ծովային անվտանգության ապահովումը, որոնց թվում՝ Ուկրաինայում գործողությունների միջոցով»։
Իրենց հայտարարության մեջ եվրոպացի առաջնորդները նաև հստակեցրել են, որ ամենադժվար հարցը՝ տարածքային զիջումները, պետք է լուծի միայն Ուկրաինան։
Հայտարարությունը, ի թիվս այլոց, ստորագրել են Գերմանիայի կանցլերը, Ֆրանսիայի նախագահը, Լեհաստանի վարչապետը, Իտալիայի վարչապետը, Մեծ Բրիտանիայի վարչապետը և Եվրոպական հանձնաժողովի նախագահը։
News.am
