Եվրոպական երկրների ղեկավարները Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ հայտարարություն են տարածել, որում պնդում են Ուկրաինային «առավելագույնս ուժեղ դիրք ապահովելու անհրաժեշտության» վրա՝ «ցանկացած հրադադարից առաջ, ընթացքում և հետո»։ Քանի որ Վլադիմիր Պուտինը, նրանց կարծիքով, մտադիր չէ դադարեցնել պատերազմը, անհրաժեշտ է ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա, իսկ խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների մեկնարկային կետը պետք է դառնա ուկրաինական և ռուսական բանակների շփման ներկայիս գիծը, վստահ են Եվրոպայում։
«Մենք բոլորս միասնական ենք արդար և կայուն խաղաղության ձգտման մեջ, որին արժանի է Ուկրաինայի ժողովուրդը», – ասված է Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Լեհաստանի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Դանիայի ղեկավարների, ինչպես նաև Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի նախագահների համատեղ հայտարարության մեջ։ Նրանք աջակցել են նախագահ Դոնալդ Թրամփի այն դիրքորոշմանը, որ «ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն»։ Բանակցությունները ներկայիս ճակատային գծով ռազմական գործողությունները սառեցնելու վերաբերյալ նրանց առաջարկը համապատասխանում է Զելենսկու դիրքորոշմանը։ Նա և՛ նախկինում, և՛ ուրբաթ օրը Թրամփի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ առաջին քայլը պետք է լինի հրադադարը, իսկ հետո արդեն կարելի է քննարկել տարածքային հարցերը։
Միևնույն ժամանակ, Զելենսկին կտրականապես հրաժարվել է ընդառաջ գնալ Պուտինին և հանձնել նրան ողջ Դոնբասը։ Պատերազմ սկսած Կրեմլի ղեկավարի այդ պահանջը Թրամփը հնչեցրել է ուկրաինացի նախագահի հետ հանդիպման ժամանակ։ Սակայն Պուտինը «զիջում» է արել Ալյասկայում օգոստոսյան գագաթնաժողովի ժամանակ արտահայտած իր դիրքորոշման համեմատ՝ առաջարկելով Ուկրաինային հանձնել օկուպացված Զապորոժիեի և Խերսոնի մարզերի փոքր տարածքները։ Եվրոպական առաջնորդները համերաշխ են Զելենսկու հետ. «Մենք հավատարիմ ենք այն սկզբունքին, որ միջազգային սահմանները չեն կարող փոփոխվել ուժով», – ասված է հայտարարության մեջ։
News.am