Դե, ռմբակոծեցին Իրանը ամերիկացիները՝ իսրայելացիների հետ միասին։ Սրտանց էին ռմբակոծեցում, ոնց մտքներով անցներ: Ե՛վ ռազմական օբյեկտները, և՛ խաղաղ քաղաքացիներին, և՛ ռազմաքաղաքական առաջնորդներին։ Ռմբակոծում էին՝ ոնց կամենային. Իրանը պատասխանում էր՝ ինչպես կարող էր, իր սահմանափակ հնարավորությունների չափով։
Իսկ հետո՝ ի՞նչ։ Ցամաքային գործողությո՞ւն։ Այնքան էլ հավատալի չէ: Ցամաքային մարտերն այնուամենայնիվ փոքր–ինչ այլ բան են, քան ռումբեր գցելն ու հրթիռներ արձակելը…
Ներքին ապստամբությո՞ւն։ Չի նշմարվում: Հունվարի սկզբի բողոքի ցույցերը հիշեցնող որևէ բանի նշույլ անգամ չկա: Ավելին, կարելի է ասել, որ ամերիկա–իսրայելական սանձարձակությունը է՛լ ավելի է համախմբում իրանական հասարակությանն իշխանությունների շուրջ։ Իրանի սպանված ղեկավարներին փոխարինելու են եկել ուրիշները։
ԲԱ ՀԵՏՈ՞։ ԱՅՈ, ԻՍՐԱՅԵԼԸ ՇԱՀԵԼ Է.ՄԵԾ ՎՆԱՍ Է ՀԱՍՑՎԱԾ ԻՐԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԻՆ: Իսկ մյուսնե՞րը։ Հրդեհեցին տարածաշրջանը, զոհերի թիվն արդեն հասել է հազարների։ Թսկեց Թրամփի Նոբելյան մրցանակը…
Այո, կարելի է ասել, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը նոր խոսք ասացին համաշխարհային դիվանագիտության և պատերազմների պատմության մեջ։ Պարզվում է, կարելի է բանակցություններ վարել ինչ-որ մեկի հետ և, չսպասելով դրանց ավարտին, հարվածներ հասցնել բանակցող երկրին՝ սպանելով նրա ղեկավարությանն այն պատրվակով, թե նրանք մտադրություն են ունեցել քեզ սպանել… Քեզ այդպես է թվում:
Ոմանք հեգնում են Ռուսաստանին։ Ասում են՝ արդեն քանի տարի պատերազմում է Ուկրաինայի հետ։ Ծաղրողները, հավանաբար, ճիշտ են: Պուտինը պիտի առաջին երեք օրերին ռմբակոծեր անպաշտպան Կիևը, ինչպես դա անում են այսօր Թրամփն ու Նեթանյահուն Թեհրանի հետ, և վերջ… Այդպե՞ս պիտի վարվեր։
Վերադառնանք այն հարցին, թե ի՞նչ է լինելու հետո: Ռմբակոծելու են, մինչև որ ռումբերն ու հրթիռները սպառվե՞ն։ Բայց նման բան արդեն եղել է։ Ճիշտ նույն կերպ, ողջ սրտով ռմբակոծում էին ամերիկացիները Վիետնամը։ Ողջ թափով: Շատ մարդ սպանեցին: Իսկ հետո փասափուսան հավաքեցին…
Հավանաբար, ԱՄՆ-ում էլ արդեն կա արածի ոչ միայն հանցավորության, այլև մեծ հիմարության ըմբռնումը։ Պատահական չէ, կարծում ենք, որ շատերը լռում են։ Օրինակ, հենց նույն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Դե, զուտ իր քաղաքական կերտվածքով նա չի կարող հավանություն տալ ծերուկ Թրամփի գործողություններին, որը ման է գալիս իրենից գոհ, որ սպանել է մեկ այլ ծերունու՝ Խամենեիին… Վենսը, ըստ երևույթին, հպարտության առանձնակի զգացում չի ապրում կատարվածից։
Մանրուք է, իհարկե, ընդհանուր խորապատկերին, բայց տխրահռչակ TRIPP-ը նույնպես վտանգված է Թրամփի գործողությունների պատճառով: Նման նախագիծը կարող է իրականացվել տարածաշրջանային մեծ կայունության պայմաններում, ինչի մասին այսօր խոսելն անհեթեթ է…
Եվ առհասարակ փաստ չէ, թե Թրամփն իր արածից հետո այնպիսի հեղինակություն կունենա, որ նախագիծը շարունակեն կոչել իր անունով։ Գուցե շտապում ենք, բայց կարծում ենք, որ թսկել է արդեն ոչ միայն Թրամփի խաղաղության Նոբելյան մրցանակը, այլև TRIPP-ը…
Իրանն այսօր նոր առաջնորդ ունի։ Բայց շատերը համարում են, որ նոր առաջնորդ՝ պակաս հավակնոտ, պետք է այսօր Ամերիկային։
