«Այսօր ամեն բան լավ էր մեկնարկի համար, так держать…Երիտասարդների ավյունը, խիզախությունը, ոչ գլխարկային դուխը… Հայը արժեք է, հավատքն ու Եկեղեցին՝ բովանդակություն… Վաղվա ուխտագնացությունը, որպես հավատարմության ու պատկառանքի առհավատչյա… Հռոմի Պապն էլ քեզ չի օգնի»,-այսպես բնորոշեց «Մեր ձևով» շարժման հոկտեմբերի 18-ի հանրահավաքը քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը, որը սովորաբար բնավ հակված չէ ավելորդ հուզականության և միշտ իրատեսորեն է գնահատում իրավիճակը։
ՀԱՆԳՍՏՅԱՆ ԵՐԿՈՒ ՕՐԵՐՆ ԻՍԿԱՊԵՍ ՀՈՒՅՍ ՊԱՐԳԵՎԵՑԻՆ, և սա թերևս շաբաթօրյա հանրահավաքի և դեպի Էջմիածին կիրակնօրյա ուխտագնացության գլխավոր արդյունքն է: Դեռ երկչոտ ու փխրուն, բայց հույս, որ այնուամենայնիվ կհաջողվի ազատվել 7-ամյա ավերիչ-ողբերգական իներցիայի կառչուն ճիրաններից, կանգ առնել ու հետ շրջվել անդունդ տանող ճանապարհից:
«Մեր ձևով» շարժումն արեց այն, ինչը գրեթե անհնար էր թվում «Սրբազան պայքարի» շուրջ անցած տարի տեղի ունեցած իրադարձություններից հետո. փոխեց երկրի մթնոլորտը: Ցույց տվեց իշխանություններին, իսկ ամենակարևորը՝ հազարավոր մարդկանց, որ դեռ ամեն ինչ կորած չէ, և ամեն ինչ հնարավոր է, եթե միայն գտնվի մի ուժ, որը կարող է և ցանկանում է միավորել պառակտված հասարակությանն ու դիմադրություն կազմակերպել իշխանությունների կործանարար քաղաքականությանը։ Կազմակերպել գրագետ կերպով՝ ունենալով հստակ ռազմավարություն և մարտավարություն, օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաներն ու ճիշտ հաշվարկելով քայլերը, ինչն անչափ պակասում էր նախորդ շարժումներին և դրանք ղեկավարող քաղաքական ուժերին։
Հանրահավաքի բերել տասնյակ հազարավոր մարդկանց, այն էլ այնպես, որ դրա մասշտաբը, մթնոլորտը, հայտարարությունների կշռադատվածությունը տպավորեն և ստիպեն լրջորեն տագնապել օկուպացիոն ռեժիմին. նման խնդիրն իսկապես գրեթե անիրագործելի էր թվում բազմահազարանոց, բայց անարդյունք մնացած նախորդ հանրահավաքներից ու ակցիաներից հետո։ Զանգվածային հաղորդակցության ժամանակակից միջոցների մասնագետների առաջարկությունները թվում էին «ձայն բարբառո հանապատի», քանզի ընդդիմությունը ամենևին չէր ցանկանում, կամ չէր կարողանում լսել նրանց:
Բնավ չհավակնելով, իհարկե, իրավիճակի լիակատար վերլուծության, նշենք ամենակարևորը։ Այն, ինչի կարողացավ հասնել «Մեր ձևով» շարժումն ընդամենը երկուսուկես ամսվա ընթացքում (նրա շնորհանդեսը տեղի ունեցավ օգոստոսի 29-ին), վկայում է խորապես մտածված և կազմակերպված աշխատանքի մասին, որի հետևում նշմարվում են գերազանց մասնագետների թիմի ջանքերը։ Չկա շտապողականություն, ավելորդ պաթոս, դատարկ խոստումներ, չկա մայրաքաղաքի վրա սևեռվածություն, չկան քաղաքական ու մերձքաղաքական ձանձրացրած դեմքեր, բայց չի էլ նկատվում ցուցադրական տարանջատում ու բաժանում «նախկինների» և «ներկաների»։
Միջոցառումներն ու հանրահավաքները հստակ կանոնակարգված են կոնկրետ թեմատիկայով, ձգձգված չեն, ելույթ ունեցողները գիտեն՝ ինչի մասին և ինչպես խոսել։ Ընտանեկան բաղադրիչն ընդգծված է, ֆինանսական աղբյուրները չեն թաքցվում, և դա չափազանց կարևոր է, քանի որ բացառում է անթափանցության և դրսից պատվիրվածության մեղադրանքները։ Որպես առաջնորդ (ժամանակավոր) ընտրվել է Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկը, որի երիտասարդությունն ու քաղաքական գործերում անփորձությունը փոխհատուցվում են անկեղծությամբ և լավ պատրաստվածությամբ:
ՑՈՒՑԱՆՇԱԿԱՆ Է, ՈՐ ԱՅԴ ԴԵՐԻ ՀԱՄԱՐ ՉԻ ԸՆՏՐՎԵԼ ՆՐԱ ՀԱՅՐԸ՝ պետական-քաղաքական գործերում բազմափորձ Կարեն Կարապետյանը. ամենայն հավանականությամբ՝ ՀՀԿ-ի հետ կապերում մեղադրանքներից խուսափելու համար։
Շատ գրագետ են մտածված ու կազմակերպված ոչ քաղաքական բնույթի նշանակալի իրադարձությունները, ինչպիսիք են «Տաշիր Արենայի» բացումը և Գյումրիի օրվա տոնակատարությունը։ Ընտրություններում ապագա հաջողության կարևորագույն գործոնը կանոնավոր այցելություններն են հանրապետության շրջաններ, որոնք, անշուշտ, կշարունակվեն ավելի մեծ ինտենսիվությամբ:
Վերջին միջոցառումներից յուրաքանչյուրի համար նախապատրաստված էր մի որևէ «հաճելի անակնկալ»։ Այսպես, հոկտեմբերի 11-ին՝ առաջին հաշվետու ժողովի ժամանակ, անսպասելիորեն հայտարարվեց, որ շարժմանը միացել է աշխարհի լավագույն տնտեսագետներից մեկը՝ 2024 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր, Մասաչուսեթսի համալսարանի պրոֆեսոր Տարոն Աճեմօղլուն։ «Պարոն Աճեմօղլուն որպես խորհրդատու և փորձագետ իր մասնակցությունն է ունենալու Հայաստանի տնտեսական զարգացման մշակվող ծրագրի աշխատանքներին»,- ասվում էր հաղորդագրության մեջ:
Այդչափ հայտնի մարդու աջակցությունը, որը նախկինում առանձնապես հետաքրքրություն չի ցուցաբերել պատմական Հայրենիքում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, ինքնին ուշագրավ փաստ է։ Բայց այստեղ կան մի քանի նրբություններ. նախ՝ Աճեմօղլուն ԱՄՆ-ի (և Թուրքիայի, որտեղ նա ծնվել է) քաղաքացի է, և նրա ներգրավվածությունը հայ-ռուսական գործարարի գլխավորած շարժմանը խորհրդանշական է և խոսուն:
Երկրորդ՝ սա ակնհայտ խայթոց է Փաշինյանի հասցեին, որը, հիշենք, իշխանությունը զավթելուց անմիջապես հետո հայտարարեց, թե իբր՝ Տարոն Աճեմօղլուն պատրաստ է օգնել նոր կառավարությանը։ Բայց, ինչպես շատ շուտով պարզվեց, դա հերթական մեծ բլեֆն էր. տնտեսագետը ոչ մի կերպ չհաստատեց իր հետաքրքրությունը և առավելևս չեկավ Հայաստան։ Ինչը ստիպեց «հեղափոխականներին» լուրեր տարածել, թե նա, իբր, չափազանց մեծ գումար է պահանջել իր աշխատանքի դիմաց։
Վերադառնանք, սակայն, հանրահավաքին և ուխտագնացությանը։ Առաջինի գագաթնակետը Սամվել Կարապետյանի հայտարարությունն էր՝ շարժումը, ապա նաև կուսակցությունը գլխավորելու պատրաստակամության մասին։ Դա, ըստ էության, կասկածից վեր էր բոլորի համար, բայց հաղորդագրության պահն ու վայրը կրկին շատ ճիշտ էին ընտրված։ Ինչպեսև հայտարարությունը հաջորդ օրը նախատեսված ուխտագնացության մասին։ Պատահակա՞ն է արդյոք, որ այն համընկավ Ցեղասպանության զոհ դարձած Իգնատիոս արքեպիսկոպոս Մալոյանի սրբադասման արարողության, իսկ ամենակարևորը՝ Նիկոլի Վատիկանում գտնվելու և Հռոմի Պապի օրհնությունը ստանալու հետ. դժվար է ասել։ Բայց զուգահեռներն ի հայտ են գալիս ինքնաբերաբար:
ԵՎ ԱՅԴ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐԸ ԲԱԶՄԱՇԵՐՏ ԵՆ։ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ հանդես եկող, Ցեղասպանություն գործած և կատաղաբար ժխտող երկրի առաջնորդի առջև բացահայտ սողացող, Ցեղասպանությունը 21-րդ դարում շարունակած թուրքական մյուս դահճի հետ յուզգյարացած, Հայ Եկեղեցու դեմ աննախադեպ հալածանքներ կազմակերպող և նրա հոգևորականներին տեռորի ենթարկող Փաշինյանը մասնակցում է Հռոմի կաթոլիկ եկեղեցու կողմից Հայ Առաքելական Եկեղեցու արքեպիսկոպոսներից մեկի՝ իր հավատքին հավատարմության համար սպանված նահատակի սրբադասմանը… Այս սուբյեկտի ցինիզմն ու երեսպաշտությունն իսկապես աներևակայելի են:
…Եվ աբսուրդի այդ թատրոնի խորապատկերին (խոսքը, բնականաբար, Նիկոլի մասին է, այլ ոչ թեՎատիկանում տեղի ունեցած արարողության)՝ հազարավոր ուխտագնացներ, որոնք անսասան հավատարմություն են ցուցաբերում իրենց Եկեղեցուն ու Հայրենիքին, գիտակցում պահի բախտորոշությունն ու կապում իրենց իղձերն ընդամենը մի քանի ամիս առաջ Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտում հայտնված ուժի հետ։ Եվ ինչն է ուրախալի. հանրահավաքին և ուխտագնացությանը թե՛ համակարգային, թե՛ արտահամակարգային ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությունը, ինչպես կցանկանանք հավատալ, մեր երկիրը զավթած չարիքի դեմ ազգային առողջ ուժերի միավորման առաջին քայլն է։
Կաթողիկոսի կոչը հավաքվածներին և հայ ժողովրդին՝ հաստատակամ լինելու և չընկրկելու դժվարությունների ու փորձությունների առջև, նրա հավաստումը, որ Եկեղեցին շարունակում է կատարել իր առաքելությունը և, ինչպես միշտ, կանգնելու է Հայաստանի և հայ ժողովրդի շահերի պաշտպանության դիրքերում, հնչեց որպես Աստծո պատգամը մեզ:
Էջմիածնի Մայր տաճարի շուրջ մոմերը վառվեցին որպես հավատարմության խորհրդանիշ, վերջնական աղետ թույլ չտալու երդում: Երկնքից հորդող լույս, որը կոչված է ցրելու և հաղթելու խավարին: Որպես ներքին թշնամու զավթած Հայաստանի և արտաքին թշնամու բռնազավթված Արցախի ազատագրման ճանապարհի սկիզբ: Որպես խոստում՝ Հայրենիքի համար զոհվածներին, և ուղերձ՝ ապրողներին. հուսահատությունը մեծ մեղք է, պետք է սրբորեն հավատալ Տիրոջը և Հայոց Եկեղեցուն, դիմադրել ու հաղթել:
Ու երևի խոր ճշմարտություն, խորհրդանշականություն ու օրինաչափություն կա նրանում, որ ոչ թե քաղաքականությունը, այլ Հավատքն ու Եկեղեցին են փրկելու Հայաստանը նաև այս անգամ: