Օկուպացիոն ռեժիմի պարագլխի պահվածքը գնալով ավելի հաճախ ու համառորեն է հիշեցնում այն հայտնի ճշմարտությունը, որ հանցագործին անդիմադրելիորեն ձգում է հանցանքի վայրը: Որքան մոտենում են ընտրությունները, այնքան ակնհայտ է դառնում, որ Նիկոլը պարզապես անկարող է դիմադրել այդ ձգողականությանը։ Նրա վերջին բոլոր ելույթները (այդ թվում՝ Եվրախորհրդարանում), հայտարարությունները, տեսանյութերը, միջադեպերն ու սկանդալներն այս կամ այն կերպ կապված են հենց Արցախի և արցախցիների հետ։ Եվ որքան էլ թվա, թե նա «մարսել է Արցախի հանձնումը», ժամանակի ընթացքում միանգամայն պարզ է դառնում. չի մարսել։ Եվ երբեք չի մարսելու:
ՉԷՐ ՀԱՍՑՐԵԼ ՄԱՐԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ–ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՍԿԱՆԴԱԼԸ, երբ բռնկվեց նորը. արցախցի փախստական կնոջ՝ անչափահաս երեխաների մոր ցինիկ ձերբակալությունը սոցցանցում գրած մեկնաբանության համար։ Իսկ երեկվա միջադեպն ընդհանրապես դարձավ այդ արարածի վարքագծի կատալիզատորը ոչ միայն ընտրությունների համատեքստում, այլև առհասարակ։ Հավանաբար նրա խորհրդականները փորձառու քաղտեխնոլոգներ ու պիարի մասնագետներ են։ Բայց մետրոյում տեղի ունեցածն, անշուշտ, ինքնաբուխ արարք էր՝ հրահրված, բացի ամենից, նաև Արցախի հանձնումը «մարսած չլինելու» հանգամանքով։ Իսկ ավելի ճիշտ՝ նրա երկարամյա անկեղծ ատելությամբ արցախցիների հանդեպ, հայ ժողովրդի այն հատվածի, որը «հանդգնեց» ոտքի ելնել պատմական անարդարության դեմ, համախմբել ժողովրդին համազգային շարժումով և հայկական պահել կորսված Մեծ Հայրենիքի փոքրիկ պատառիկը հերոսական պայքարով: Անել այն, ինչն անհասկանալի, անչափ խորթ և անըմբռնելի է Փաշինյանի նմանների ողորմելի հոգուն և դավաճանական էությանը:
«Բարերարի» դիմակի տակից հանկարծ դուրս եկավ հրեշի դեմքը, որը չունի ոչ մի սրբություն, լինելով ամենանսեմ արատների կրող։ Եվ խորապես խորհրդանշական է, որ պատահաբար (թե՞ ոչ պատահաբար) դեմ-դիմաց հայտնվեցին երկու գաղափարախոսությունների կրողներ. Հայրենիքի նկատմամբ վսեմ, հոգևոր, քաջարի ու անձնուրաց սիրո և նվիրվածության, և բացառապես սեփական որկորին նսեմ, սողացող, վախկոտ ու երեսպաշտ նվիրվածության և կուշտ խռխռոցի ցմահ վայելքով իրեն ապահովել խոստացող յուրաքանչյուրի առջև սողալու պատրաստակամության:
Արցախյան առաջին ազատամարտում Հայրենիքի ազատության համար կյանքը զոհաբերած Արցախի հերոսի դուստրն ու փոքրիկ թոռնիկը և հայկական հողերը ծախած ողորմելի արարածը: Թուքը շաղ տվող խղճուկ հիստերիկը և հանգիստ, սեփական իրավացիության մեջ վստահ երիտասարդ կինը, որը անձնական ու ազգային արժանապատվության, պատվի և հայկական ոգու դաս տվեց նրան: Այն ոգու, որն ապրում է ամեն իսկական հայի մեջ, չնայած Նիկոլի ու իր տերերի բոլոր ճիգերին՝ կոտրելու, նվաստացնելու ու սպանելու այն։
Իսկ եթե մի կողմ դնենք մետրոյում տեղի ունեցածի զուտ բարոյական կողմը, ապա պետք է փաստենք, որ Փաշինյանը սկսել է իր նախընտրական քարոզարշավի հաջորդ փուլը։ «Եթե ես վարչապետ չլինեմ, պատերազմ կլինի» ցինիկ սպառնալիքից ու շանտաժից նա անցել է այդ երևակայական պատերազմի «մեղավորների» որոնմանը։ Եվ, բնականաբար, գտել նրանց՝ ի դեմս արցախցիների։
ՎԵՐՋԻՆ ԲՈԼՈՐ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ «ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐԻ» ՇՌԱՅԼ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ, ուղղված են մեկ նպատակի. փախստականներին ներկայացնել իբրև գլխավոր մեղավորներ այն բանի, ինչն իբր տեղի կունենա, եթե իրեն չվերընտրեն։ Նիկոլը վախեցնում է իր անուղեղ ընտրազանգվածին արցախցիներով, բացահայտորեն սադրելով «քույրերի ու եղբայրների» դեմ ատելության ու հալածանքի հերթական մոլեգնություն։ Պառակտման նոր փուլ է հրահրում հայ ժողովրդի մեջ. և՛ Հայաստանի ներսում, և՛ Սփյուռքում, քանզի լպրծուն օձաձկան պես՝ միայն այդպիսի պղտոր ու գարշահոտ ջրի մեջ է կարող որսալ իր գարշելի «ձկնիկը»:
Նիկոլը կրկին փորձում է մարգինալացնել արցախցիներին, որոնք չեն ցանկանում հաշտվել իրենց ու մեր Հայրենիքի կորստի հետ։ Որոնք ունեն սեփական և ազգային արժանապատվության զգացում, քաջություն, արիություն և կամք: Արցախցիներին, որոնք չեն ցանկանում հանձնվել, ուրանալ իրենց պատմական հիշողությունը, որոնք հրաժարվում են մոռանալ իրենց հերոսական անցյալը, իրենց զոհված հերոս հայրերին, իրենց դարավոր պատմությունը, իրենց տներն ու սրբավայրերը: Արցախցիներին, որոնք ձգտում են իսկական հայ դաստիարակել իրենց երեխաներին։
Եվ նրանց հակադրում է իրենով արած, իր ընտելացրած փախստականներին, որոնք համաձայնել են գործարք կնքել խղճի հետ հանուն ողորմության։ Համաձայնել են մասնակցել պայուսակներ քարշ տալու նախընտրական պարզունակ շոուներին և «ջերմ շնորհակալություն» հայտնել աջակցության և հոգատարության համար։ Դրանով իսկ գիտակցաբար պառակտում մտցնելով նաև բուն փախստականների մեջ։ Սրբապղծորեն խաղալով տասնյակ հազարավոր մարդկանց զգացմունքների հետ, որոնք կորցրել են բացարձակապես ամեն ինչ, ինչպես որ նախկինում էր խաղում նրանց կյանքի հետ ու վաճառում Հայրենիքը:
Բոլոր այն փաստարկները, որոնք կարելի է բերել երեկ մետրոյում նրա ծղրտան հիստերիայի դեմ, հայտնի են, և իմաստ չունի կրկնել դրանք։ Այդ փաստարկներով սոցցանցերը հեղեղեցին հարյուրավոր ու հազարավոր օգտատերեր, որոնք վայրկենապես դարձան հազարավոր «Արմինե Մոսիյան»-ներ՝ հերոսների դուստրեր ու որդիներ, արցախյան Հաղթանակի ժառանգներ, որոնց զազրելիորեն դավաճանել է թուրքական ոհմակը։ Կնոջ և նրա երեխայի դեմ նողկալի վայրահաչը մարդիկ ընդունեցին որպես անձնական և ազգային վիրավորանք, և դա լիովին բացահայտեց հայ ժողովրդի վերաբերմունքը Նիկոլի նկատմամբ։
ԱՅՆ ԱՍՏԻՃԱՆ ԱՂՄԿԱԼԻ, ՈՐ ՆՈՒՅՆԻՍԿ ՆՐԱ ՁԵՌԱՍՈՒՆ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՍՏԻՊՎԱԾ ԻՆՉ–ՈՐ ԼՂՈԶՎԱԾ ԿՈՉԵՐ ՀՆՉԵՑՐԵՑ։ Այն աստիճան աղմկալի, որ անձամբ ստիպված եղավ հանդես գալ կեղծավոր ներողությամբ, մինչ իր հանցախմբի անդամները շարունակում էին ատելություն և ստեր տարածել՝ անպարկեշտ հայհոյանքներ և իբր «վիրավորանքներ» վերագրելով Արմինե Մոսիյանին։ Դրանով իսկ ցույց տալով իրենց պարագլխի հայցած «ներողության» իրական գինը և բացահայտելով տեղի ունեցող ամենի էությունը։
Իրականում նման միջադեպերն իսկապես դառնում են կատալիզատոր, որը կարող է ծրագրածին ճիշտ հակադիր արդյունք տալ։ Փաշինյանը չափազանց հեռուն գնաց իր ֆալստարտ-քարոզչության մեջ, սխալվելով իր ծրագրերում և չպատկերացնելով իշխանությունների հանդեպ ժողովրդի ատելության խորությունը։ Թերագնահատելով հայերի սերն իրենց Արցախի նկատմամբ և Հայրենիքի մի մասի կորստի չամոքվող ցավը։ Հավատալով պատվիրված սոցհարցումներին, իր քարոզիչների ու էժանագին շոուների հեղինակների հորինվածքներին։ Նա փորձեց դառնալ նախկին Նիկոլը՝ «երեք միլիոնից» մեկը, և բումերանգով ստացավ նույնիսկ ոչ թե հոնքին, այլ աչքին։
Փաշինյանն ակամայից անում է այն, ինչ վաղուց պետք է արած լինեին ընդդիմադիր ուժերը. ապացուցեին մարդկանց, թե ինչ ահավոր, երկրի համար աղետալի չարիք է նա ամեն առումով։ Ցույց տալով իր բացարձակ անմարդկայնությունը, անհոգիությունն ու անսրտությունը, քանզի վերջին տարիներին բազմիցս պատերազմ, ռմբակոծություն, ցեղասպանություն, շրջափակում, սով ու ցուրտ, Հայրենիքի կորուստ վերապրած և բռնի մահվան սպառնալիքով հայրենի հողը հարկադրաբար լքած կնոջ ու երեխայի վրա այդպես հարձակվել կարող է միայն մարդկային կերպարանքը կորցրած ճիվաղը:
Մետրոյում տեղի ունեցած միջադեպը, լակմուսի պես, ընտրություններից երեք ամիս առաջ առավել քան հստակ ու ակնբախ ապացուցեց. սա ընտրություն չէ կուսակցությունների ու քաղաքական գործիչների միջև։ Սա գոյաբանական ընտրություն է լինել թե չլինելու, հայ մնալ-չմնալու, մանկուրտ դառնալ-չդառնալու, սեփական երկրում ապրելու, թե այն այն թշնամիներին տալու միջև։ Սիրելու ու պահպանելու Արցախն ու Հայաստանը, թե դավաճանելու Հայրենիքին ու դառնալալու այնպիսին, ինչպիսին այդ ոմն մեկն է…
