ԵԱՏՄ երկրներից (Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան և Բելառուս) վարորդների համար Ռուսաստանում գտնվելու ժամկետի սահմանափակումները կարող են վերացվել։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին Եվրասիական տնտեսական հանձնաժողովից։
Այս տարվա հունվարի 1-ից ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք ՌԴ են մուտք գործում ոչ աշխատելու նպատակով (այսինքն՝ միգրացիոն քարտում «այցի նպատակը» բաժնում աշխատանքը նշված չէ. խմբ․), օրացույցային տարվա ընթացքում կարող են մնալ 90 օր (նախկինում թույլատրելի էր տարվա յուրաքանչյուր 180 օրվա մեջ 90 օր. խմբ․)։ Այս փոփոխությունը վերաբերում է նաև ուղևորափոխադրում և բեռնափոխադրում իրականացնողներին։ Վարորդները պնդում են, որ 90 օրը քիչ է, որովհետև թույլատրելի ժամկետի մեծ մասն իրենք կարող են անցկացնել, օրինակ, Վլադիկավկազում կամ Վերին Լարսում հերթերի մեջ։ Նախկինում յուրաքանչյուր 180-օրյա ժամանակահատվածում թույլատրվում էր մնալ 90 օր։
ԵՏՀ-ից հայտնում են, որ հարցն իրենց ուշադրության կենտրոնում է։ Հանձնաժողովը անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում բոլոր ծագող խնդիրները լուծելու համար: ԵԱՏՄ երկրների իրավասու մարմինների հետ սերտ փոխգործակցությամբ աշխատանքներ են տարվում երկու ուղղությամբ։
«Առաջին` թիվ 115 դաշնային օրենքի իրագործման շրջանակում վարչարարական միջոցառումների ենթարկված` միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացի վարորդների նկատմամբ բոլոր սահմանափակումների չեղարկման հարցի արագ լուծումը։ Երկրորդ` առաջացած խնդրի համակարգված լուծում, այն է` ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացի հանդիսացող և միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ իրականացնող վարորդների վրա չտարածել թիվ 115 օրենքի նոր նորմերը, որոնք կարգավորում են ՌԴ տարածքում ժամանակավոր գտնվելու ժամկետները», – ասվում է հաղորդագրության մեջ։
ԵՏՀ-ից հայտնում են, որ հանձնաժողովի շրջանակում օպերատիվ շտաբ է ստեղծվել, որում ընդգրկված են հանձնաժողովի, իրավասու մարմինների և ԵԱՏՄ անդամ պետությունների գործարար համայնքի ներկայացուցիչներ: Շտաբը տեղեկություններ է հավաքում միջազգային փոխադրումների ընթացքում միգրացիոն ընթացակարգերի հետ կապված դեպքերի վերաբերյալ և դրանք փոխանցում ՌԴ մարմիններին՝ խնդրին արագ լուծում տալու համար։
«Բազմակողմ ակտիվ համագործակցության շնորհիվ հաջողվել է առանձին վարորդների դեպքում մի շարք հարցեր լուծել օպերատիվ կարգով», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հանձնաժողովից հայտնել են, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) իրավիճակի մշտադիտարկում է իրականացնում ԵԱՏՄ–ի ներքին շուկայում՝ առաջացող խնդիրները համակարգված լուծելու համար։
Sputnik Արմենիա