Երևանի Սայաթ-Նովա պողոտայում գտնվող Հայաստանի երաժշտական ընկերության ընդարձակ դահլիճում արդեն մեկ ամիս է, ինչ նախահամերգային փորձեր են ընթանում արցախցի երեխաների մասնակցությամբ։ Դրանք նախաձեռնել է Շուշիի «Վարանդա» երգչախմբի հիմնադիր ու գեղարվեստական ղեկավար, լիբանանահայ անվանի երաժիշտ և խմբավար Զաքար Քեշիշյանը։
ՀԱՄԵՐԳՆ ԻՐԱԿԱՆՑՎՈՒՄ Է «ԵՐԳՈՂ ԱՐՑԱԽ» ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ և իր շուրջն է համախմբել Արցախի տարբեր շրջաններից մոտ 60 երեխաների, ովքեր բռնի տեղահանվել են հայրենիքից և այժմ ապաստանել Հայաստանի տարբեր վայրերում։ Ինչպես նկատեց Զաքար Քեշիշյանը, ծրագրի պատանի մասնակիցների ընտանիքներն այսօր սփռվել են Գորիսից մինչև Գյումրի, և հավաքել բոլորին Երևանում այսօր այդքան էլ հեշտ չէ։ Սակայն այն փաստը, որ ծրագրում ներգրավված են վեց տասնյակ դպրոցական տարիքի երեխաներ, խոսում է արցախցի պատանիների հանդիպելու, միմյանց հետ շփվելու, հարազատ բարբառով խոսելու և, իհարկե, երգչախմբային երաժշտության արվեստի մեջ ընկղմվելու ցանկության մասին։
«Ուրախալի է, որ արդեն մեկ ամիս շարունակվող փորձերին մասնակցում են ոչ միայն երեխաներ Երևանից, այլև Հայաստանի այլ քաղաքներից: Նրանք գալիս են Մասիսից և Էջմիածնից, Աշտարակից, Հրազդանից և Աբովյանից, ինչը նշանակում է, որ նրանք զգում են նախագծի կարևորությունը, սիրում են երգել և չեն ուզում կորցնել կապը միմյանց հետ, – ասաց Զաքար Քեշիշյանը հերթական փորձի ավարտից հետո: – Չնայած որ անցյալ տարվա «Երգող Արցախ» նախագծի որոշ մասնակիցների ընտանիքներ տեղափոխվել են Հայաստանի սահմանամերձ շրջաններ, իսկ ոմանք, ցավոք, նույնիսկ լքել են երկիրը, մեզ հաջողվեց ներգրավել նոր պատանի երգիչների, որոնք այսօր պատրաստ են բեմ բարձրանալու: Այո, նորեկներին պակասում է փորձը, բայց մեր մեթոդաբանությունն այնքան արդյունավետ է, իսկ մթնոլորտը թիմում այնքան դրական, որ երեխաներն արագորեն հաղթահարում են իրենց առջև դրված խնդիրները, օգտագործում իրենց ներուժը և զարգացնում կարողությունները»:

Զաքար Քեշիշյան
Շուշիի «Վարանդա» երգչախմբի «Երգող Արցախ» ծրագիրը Զաքար Քեշիշյանը նախաձեռնեց 2020 թ․ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո։ Մեկ տարի անց նա ժամանեց Ստեփանակերտ, որտեղ բնակություն հաստատեցին Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի շրջաններից գաղթած մեր հայրենակիցներն, ովքեր չէին ցանկանում լքել Արցախը։ Այդ ժամանակ «Վարանդա»-ի մասնակիցների մի քանիսն այլևս երկրում չէին. նրանց ընտանիքները պատերազմի ժամանակ տարհանվել էին և հնարավորություն չունեին վերադառնալ թշնամու կողմից գրավված իրենց տները։
«Շուշիի, չեմ ուզում ասել կորուստ բառը, մեր հսկողությունից դուրս մնալուց հետո երկու հաջորդական տարիներին ես գնացի Ստեփանակերտ, որտեղ և սկսեցի աշխատել «Երգող Արցախ» ծրագրի իրականացման ուղղությամբ, – շարունակեց Զաքար Քեշիշյանը, – որին միացան Ստեփանակերտից, Մարտունիից, Մարտակերտից, Հադրութից և Արցախի այլ շրջաններից մասնակիցներ, որոնց մի մասը ապաստանել էր մայրաքաղաքում։ Նախագիծը, որտեղ արդեն միայն շուշեցիներ չէին, կոչվեց «Շուշիի «Վարանդա» երգչախմբի «Երգող Արցախ» ծրագիր», ինչի շնորհիվ մենք պահեցինք և «Վարանդան», և նախագծի համաարցախյան իմաստը։ Հաջորդական երկու տարիներին Ստեփանակերտում ծրագիրն իրագործելուց հետո, ցավոք, Արցախը բռնի կերպով հայաթափվեց, ու մենք որոշեցինք վերականգնել այն Երևանում։ Անցյալ տարի մեզ հաջողվեց «Վարանդան» և արցախցի այլ պատանի երգիչների ներկայացնել Հայաստանի տարբեր բեմերում։ Համերգները տեղի ունեցան Երևանում, Մասիսում և Էջմիածնում ու մեծ հետաքրքրություն առաջացրեցին ամենուր»։
ԶԱՔԱՐ ՔԵՇԻՇՅԱՆԻ ԽՈՍՔՈՎ, ԵԹԵ ԱՆՑՅԱԼ ՏԱՐԻ ԵՐԳԱՑԱՆԿԸ ԿԱԶՄՎԱԾ ԷՐ ՀԻՆ և ունկնդրին ծանոթ երգերից, ապա այս տարի համերգային ծրագիրը գրեթե ամբողջովին թարմացվել է։ Համերգին կհնչի 16 երգ, մեծամասնությունը՝ պրեմիերաներ են։ Դրանց հեղինակներն են անվանի կոմպոզիտորներ ու բանաստեղծներ Տիգրան Մանսուրյանը, Մարտին Վարդազարյանը, Արմենուհի Կարապետյանը, Ստեփան Բաբաթորոսյանը, Նաիրա Դիվանյանը, Մամիկոն Անդրեասյանը, Ժիրայր Շահրիմանյան, Վահե Հայրապետյան և այլոք։
«Ես միշտ շեշտադրում եմ նոր երգ կատարելուն, թեև այդ իր վտանգն էլ ունի։ Հին, արդեն սիրված երգերն ավելի հաճելի են ունկնդրի ականջին, սակայն նոր երգերըթարմացնում են թե կատարողական որակը, թե երգչախմբի իմիջը։ Կա ևս մեկ այլ կարևորություն․ երգիչներն ու խմբավարները գնում են, իսկ երգը՝ մնում, այն շարունակում են կատարել Հայաստանի և Սփյուռքի տարբեր երգչախմբեր, ապահովելով հայկական երգչախմբային արվեստի երկարատև կյանքը»։
Ծրագրում ներառված են նաև արցախյան բարբառով երգեր, ինչը, ըստ Զաքար Քեշիշյանի, այս փուլում «Վարանդա»-ի հետ իր աշխատանքի հիմնական նպատակներից մեկն է։
«Մենք ձգտում ենք այնպես անել, որ հայոց լեզվի արցախյան բարբառը շարունակի ապրել և զարգանալ իր հայրենիքից՝ Արցախից դուրս, որպեսզի երեխաները հնարավորություն ունենան շփվելու բարբառով համերգի նախապատրաստման և միմյանց հետ հանդիպումների ողջ ընթացքում։ Սա կօգնի ամրապնդել և պահպանել նրանց կապը արցախյան ինքնության հետ, ապրեցնել բառբառը, – վստահեցնում է երգչախմբի ղեկավարը։ – Բարբառն է պահել Արցախը Սովետական տարիների ժամանակ, երբ մեր պատմական այս հողակտորը պարտադրված հայտնվել էր Ադրբեջանի կազմի մեջ։ Եթե բարբառը չլիներ, երևի այնտեղ հայ չմնար։ Երբ ընդհանուր բարբառով խոսող մարդիկ հանդիպու են միմյանց, ստեղծվում է միասնության, ազգակցական կապի և ուժի մթնոլորտ։ Ես մուսալեռցի եմ ու դա գիտեմ, քանի որ նույն բանն եմ զգում, երբ հայտնվում եմ մուսալեռցիների շրջապատում, որտեղ մենք բոլորս խոսում ենք մեր նախնիների բարբառով»։
Համերգին կհնչեն արցախյան բարբառով երգեր, որոնց թվում են Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունը, Արմենուհի Կարապետյանի նոր գործիքավորումները, «Պարոն Զաքար և 40 սատանաներ» հումորային երգը, որը գրել է Սերգեյ Մարկոսյանը՝ հատուկ «Վարնադա» երգչախմբի և «Երգող Արցախ» նախագծի համար։ Սա միակ երգն է, որն արդեն կատարվել է անցյալ տարի, և պատանի երգիչների խնդրանքով այս տարի այն կրկին ներառված է երգացանկում։
Նշենք, որ համերգները կանցկացվեն ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: Սեպտեմբերի 4-ին այն տեղի կունենա Մասիսում, 7-ին Գյումրիում, իսկ 9-ին «Երգող Արցախ»-ը բոլորին հրավիրում է Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն: Համերգների մուտքն ազատ է: