Քրեական վարույթը, որի շրջանակներում այս պահին Արցախի ներկայացուցչությունում իրականացվում է խուզարկություն գործողությունը նախաձեռնվել է 2025 թվականի հունիս ամսին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 11–ին, Արցախի ներկայացուցչությունում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռոման Երիցյանը:
«Այն կապված է ենթադրյալ տնտեսական հանցագործության հետ: Խոսքը վերաբերվում է կոնկրետ իրավաբանական անձի և Հայաստանում գործող բանկի միջև կնքված վարկային պայմանագրի շրջանակներում Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից ցեսիայի պայմանագիր կնքելու հետ: Այդ պայմանագիրը կնքվել է ՀՀ կառավարության և Արցախի Հանրապետության կառավարության որոշման շրջանակներում:
Այսինքն, այստեղ բացահայտ հանցագործության տարրեր, ուսումնասիրելով դատարանի որոշումը խուզարկության, անձամբ ես չեմ արձանագրում: Եվ չեմ հասկանում, առհասարակ, 2021 թվականի տեղի ունեցած իրադարձությունն ինչ կապ ունի Արցախի Հանրապետության մշտական ներակայացուցչության տեղակայման վայրի հետ: Արցախի Հանրապետության մշտական ներակայացուցչության տեղակայման վայրում թե ինչպիսի բովանդակության փաստաթուղթ են փնտրում, մեզ համար հասկանալի չէ:
Ըստ դատարանի որոշման, պետք է դա կապ ունենա կոնկրետ իմ կողմից քիչ առաջ վկայակոչած գործողության հետ, որը կատարվել է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կառավարության մշակված ծրագրերով:
Օրինակ ՀՀ կառավարությունը մշակել է, որ այն իրավաբանական անձինք, որոնք գույք են ունեցել Արցախում և դրանք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ և հիմնադրամը կառավարության որոշման շրջանակներում պետք բանկերին փոխհատուցի այդ միջոցները, ինչպես օրինակ այս պահին է այդպիսի որոշումներ ընդունված և ՀՀ կառավարությունը այդ միջոցները, որոնք զետեղված բոլոր գույքերի դիմաց ստացված միջոցները հատուցում է ՀՀ բանկերին: Այդ նույն որոշումները կան նաև 2020 թվականին, երբ որ Արցախի մասն օկուպացվել էր Ադբեջանի կողմից: Բոլոր գործողությունները կատարվել են 2020-2021 թվկանների ընթացքում»,-ասաց Երիցյանը:
«2025 թվականի հունիսին նախաձեռնվում է քրեական վարույթ և այսօր կատարվում է խուզարկություն։ Զարմանալի չէ, մինչ այս պահը չեն գտել գեթ մեկ փաստաթուղթ, որը վարույթի համար կարող է ունենալ որևէ նշանակություն»,- ասաց Երիցյանը։
Նա նաև նշեց, որ դատարանի որոշման մեջ արծարծվում է նաև Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը։
Երիցյանը նշեց, որ, ըստ իրեն հասանելի դարձած տեղեկությունների, հարցաքննվել է «Արդշինբանկ» ՓԲԸ տնօրենը. «Դատարանն իր որոշման հիմքում դրել է Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը։ Այսինքն, քննիչը միջնորդությունը ներկայացնելիս՝ ի թիվս այլոց հղում է կատարել նաև Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդմանը։ Օրինակ, Սամվել Կարապետյանը կարող է ասած լինի՝ ես դրանից ընդհանրապես տեղեկություն չունեմ, քննիչը դա դրել է միջնորդության հիմքում։
Կարծում եմ՝ այս խուզարկությունը, այս գործողություններն ապացուցողական գործողություններ են լինելու, որոնք հետագայում օգտագործելու են այս կամ այն վարույթի շրջանակներում։ Սա զուգահեռ է և մեր, և այլ անձաց նկատմամբ տարվող քաղաքական հետապանդումների։ Որպես իրավաբան ես ձեզ վստահեցնում եմ՝ այսօրվա խուզարկության հիմքերը բացակայում էին, առհասարակ նման միջնորդությամբ դատարան դիմելու անհրաժեշտություն չկար»,- ասաց փաստաբանը։
Երիցյանը վստահ է, որ սա այն արշավի շարունակությունն է, որն իրականացվում է Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքի նկատմամբ։
Հարցազրույցից քիչ անց Ռոման Երիցյանը լրագրողներին հայտնեց. «Երևի իմ տված ճեպազրույցից հետո ժամը 14.32 քննիչի կողմից պաշտոնապես իրազեկվեցի այս քրեական վարույթի շրջանակում ինձ հայտնի դարձած տեղեկություները հրապարակելու անթույլատրելիության մասին»։
News.am
