Логотип

Երկրաշարժ Աֆղանստանում. Քաբուլի նահանգում նույն ընտանիքի 8 անդամ է զոհվել

Աֆղանստանում գիշերը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մեկ ընտանիքի ութ անդամ է զոհվել Քաբուլի նահանգում։ Հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին։

ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) տվյալներով՝ 5,8 բալ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ տեղական ժամանակով 20:42-ին (Գրինվիչի ժամանակով 16:12-ին)։ Էպիկենտրոնը գտնվել է հյուսիսարևելյան Բադախշան նահանգում՝ 186 կիլոմետր խորության վրա։

AFP-ի փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումները զգացվել են երկրի բազմաթիվ բնակավայրերում, այդ թվում՝ մայրաքաղաք Քաբուլում։

«Քաբուլի նահանգի Գոսֆանդ-Դարա շրջանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մեկ ընտանիքի ութ անդամ է զոհվել», – հայտնել է առողջապահության նախարարության ներկայացուցիչ Շարաֆատ Զամանը:

Նա հավելել է, որ ընտանիքի միակ ողջ մնացած անդամը մոտ երկու տարեկան երեխա է։ Երկրի աղետների դեմ պայքարի գործակալությունը հայտնել է, որ տղան վնասվածքներ է ստացել ստորգետնյա ցնցումների ժամանակ։

News.am