Логотип

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի նկատմամբ կրկին փորձում են հարկեր սահմանել

Երուսաղեմի տեղական իշխանությունները մտադիր են Հայոց պատրիարքարանն ու մյուս քրիստոնեական եկեղեցիները կրկին ենթարկել հարկման։ Այս մասին ասվում է սոցիալական ցանցում պատրիարքարանի պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ։

Նշվում է, որ այս հարցով արդեն հանրագիր է ներկայացվել, իսկ դատական լսումները նշանակված են սեպտեմբերի 29-ին:

Պատրիարքարանը հիշեցնում է, որ դեռևս փետրվարին Իսրայելի իշխանություններից ծանուցում էր ստացել այն մասին, որ հարկման մասին որոշումը քննարկվելու է ոչ թե դատարանում, այլ արտադատական կարգով՝ հատուկ կոմիտեի միջոցով, որը ստեղծվել է 2018 թվականին Իսրայելի կառավարության և Սուրբ երկրի կրոնական համայնքների ղեկավարների կողմից:

«Պատրիարքարանը ողջունել է կոմիտեի հետ երկխոսության հնարավորությունը և այդ պատճառով այժմ հիասթափություն է հայտնում նոր դատական լսումներ նշանակելու կապակցությամբ։ Նման քայլը կասկածի տակ է դնում այդ նպատակով ստեղծված կառավարական հանձնաժողովի միջոցով երկխոսություն վարելու՝ իշխանությունների պատրաստակամությունը», – ասվում է հայտարարության մեջ։

Քրիստոնյա առաջնորդները կոչ են անում Իսրայելի իշխանություններին հրաժարվել վարչական ճնշումներից և վերադառնալ բանակցությունների գործող մեխանիզմի շրջանակներում: Ուղերձում կոչ է արվում վարչապետ Բենիամին Նեթանյահուին, ներքին գործերի նախարար Մոշե Արբելին և կառավարական կոմիտեի նախագահ Ցախի Խանեգբիին՝ սառեցնել դատական գործընթացները և վերսկսել երկխոսությունը քրիստոնեական եկեղեցիների իրավունքների պաշտպանության համար:

Sputnik Արմենիա