Երուսաղեմի հայոց պատրիարքությունը խոր ցավով և մտահոգությամբ է հետևում Հայ առաքելական եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։ Այս մասին նշված է Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հղած հայտարարության մեջ, որում պատրիարքը զորակցություն է հայտնում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և Մայր աթոռին։
«Կարգալույծ հոգևորականի կողմից՝ պետական իշխանության բացահայտ հովանավորությամբ իրականացվող գործողությունները ոչ միայն անօրինական են և եկեղեցական կանոնադրությանը հակառակ, այլև խաթարում են Հայ առաքելական սուրբ եկեղեցու հեղինակությունը, վիրավորում հայ ժողովրդի հոգևոր զգացումները և վտանգում մեր դարավոր ինքնությունն ու հավատքը»,- նշված է հայտարարության մեջ։
Ըստ պատրիարքի՝ այս դժվարին ժամանակներում, երբ եկեղեցին հոգևոր հենարան է հայ ժողովրդի համար, եկեղեցու դեմ ուղղված յուրաքանչյուր ոտնձգություն նաև մեր պատմական հիշողության և հոգևոր արժեքների դեմ է: Հոգևորականը միաժամանակ ընդգծել է, որ անթույլատրելի է պետական այրերի միջամտությունը եկեղեցու ներքին կյանքին, առավել ևս՝ կարգալույծ անձանց սատարելը։
Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը կոչ է անում իշխանությանը դադարեցնել միջամտությունը եկեղեցու գործերին, վերականգնել արդարությունը և օրինականությունը, ապահովել եկեղեցու օծյալ սպասավորների անվտանգ և խաղաղ գործունությունը:
Sputnik Արմենիա
