Логотип

Երվանդ Վարոսյան․ Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ոչ թե կալանավորվել է, այլ՝ պատանդառվել

Facebook-ում գրառման համար երկու ամսով կալանավորվել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ Փաստաբանը կոշտ քննադատության էր ենթարկել Մկրտիչ Սրբազանին կալանքի տարած քննիչներին, դատախազներին ու դատավորներին։ Փաստաբան Երվանդ Վարոսյանը պնդում է՝ Ալեքսանդր Կոչուբաևը ոչ թե կալանավորվել է, այլ՝ պատանդառվել։

«Տեղի ունեցածը Հայասատանում արդեն ձևավորված բռնատիրական համակարգի դրևսորումներից հերթականն է, երբ անձին խոսքի համար քրեական հետապնդման ու պատանդառման են ենթարկում, այստեղ «կալանավորում» տերմինը կիրառելի չէ, նրան պատանդառել են ու հրապարակայնորեն պատժում են, որ սահմանափակեն ընդհանուր խոսքի ազատությունը»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Վարոսյանը։

Նրա խոսքով՝ առաջին դեպքը չէ, երբ Հայաստանում մարդը ճաղերի հետևում է հայտնվում խոսքի համար։

Ալեքսանդր Կոչուբաևի գրառումն ու Քրեական օրենսգրքի հոդվածը, որը ներառվել է, ըստ փաստաբանի, բացարձակապես կապ չունեն իրար հետ։

«Բայց ես չեմ կարծում, որ նրան պատանդառողների համար դա էական նշանակություն ունի, որովհետև եթե այդ հոդվածը չլիներ, կգտնեին ուրիշ հոդված»,- ասաց Երվանդ Վարոսյանը։

Նա չի կարծում, թե իշխանությունը վախեցած է, երբ հերթով կալանավորում են ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց։

«Իշխանության գալու առաջին իսկ օրվանից նրանք ունեցել են մեկ նպատակ՝ պահել իշխանությունը, իսկ իշխանությունը պահելու ճանապարհին իրենք գնալու են այն ամենին, ինչն իրենց այդ պահին թույլատրված կլինի, մենք տեսնում ենք դրա դրսևորումները»,- ընդգծեց փաստաբանը։

Հայաստանի դատական համակարգը, Վարոսյանի խոսքով, երբեք չի փայլել ու մարդիկ, որ գտնվում են այդ շենքերում, միշտ են պատրաստ եղել անել ամեն ինչ։

«Նիկոլ Փաշինյանի գալուց հետո դատավորները որոշ ժամանակ հավատացին, որ ինչ-որ բան տեղի է ունեցել, բայց շատ արագ կոտրեցին իրենց հավատը, նրանց ցույց տվեցին՝ «շատ մի ոգևորվեք, կասենք՝ ինչ անեք, կանեք»…հիմա անում են»,- ասաց Երվանդ Վարոսյանը։

Նա համոզված է՝ բոլորս անելիք ունենք, պետք է այս ամենին որևէ կերպ արձագանքել, ընդ որում՝ արձագանքել այնպես, որ իշխանությունների համար լինի ցավոտ։

«Բայց ես կարծում եմ, որ չի կարող մի խումբ փաստաբանների կողմից դա իրականացվել, դա պետք է իրականացվի առնվազն փաստաբանների հետ հաղորդակցման ուղիղ միջոցներ ունեցող կառույցի գործադրմամբ, բայց որ մի բան պետք է արվի ու դրա համար կա կոչված կառույց՝ փաստ է։ Ինքս պատրաստ եմ աջակցել, եթե նման քայլեր ձեռնարկվեն»,-նշեց նա։

Ի դեպ, «ցավոտ արձագանք» ասելով՝ փաստաբանը նկատի չունի բռնությունը։

«Մենք միշտ ենք ցավոտ արձագանքել, ես նախկին իշխանությունների ժամանակ էլ եմ ցավոտ քայլերի գնացել, մասնակցել եմ գործադուլների, հարկ եղած դեպքում՝ ինքս եմ կազմակերպել գործադուլ ու, կարծում եմ, որ դա իշխանությունների համար ցավոտ քայլ է եղել, որովհետև իրավունքների պահպանման տեսակետից մենք հասել ենք զիջումների»,- հավելեց Երվանդ Վարոսյանը։