Логотип

Երևանը դարձնելու ենք շքեղ մեգապոլիս. Կարապետյանի նոր ուղերձը ԱԱԾ մեկուսարանից

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանը ԱԱԾ մեկուսարանից ուղերձ է հղել այս անգամ անդրադառնալով Երևան քաղաքի խնդիրներին։

Նա նշել է, որ Երևանը իր հարմարավետությամբ, էկոլոգիայով, զարգացման ընթացքով ու ծրագրերով չի համապատասխանում 10 միլիոն հայերի մայրաքաղաքի կարգավիճակին։

«Չեմ ուզում հերթով թվարկել բոլոր խնդիրները. դրանք, ցավոք, շատ են՝ ճարտարապետական տխուր բազմաճաշակությունից մինչև մեծ այգիների բացակայություն, հազարամյակների պատմությամբ մայրաքաղաքին անհամապատասխան տուրիստական ենթակառուցվածքից միչև Երևանին արժանի զարգացման լայնածավալ իրագործված ծրագրերի բացակայություն»,– գրել է նա։

Ըստ Կարապետյանի` Երևանի զարգացման գլխավոր ու ամեն օր խոսվող ցուցանիշը չպետք է լինեն ասֆալտի աշխատանքները ու ավտոբուս ձեռք բերելը, քանի որ դրանք իրական զարգացման հետ որևէ կապ չունեն։

Նա տեղեկացրել է, որ «Մեր ձևով» շարժումը շուտով բազմազան լուծումներ կառաջարկի տարբեր խնդիրների համար։

«Երևանը պետք է դառնա տարածաշրջանի կրթական և առողջապահական կենտրոն: Հայտնի լինի տարածաշրջանում իր միջազգային համալսարաններով և բարձրակարգ բժշկությամբ: Ուրբանիստիկայի ճշգրիտ հաշվարկների և մեծ ներդրումների շնորհիվ Երևանը դարձնելու ենք Համահայկական Մայրաքաղաքին արժանի քաղաք, շքեղ մեգապոլիս, որը կլինի միաժամանակ ապրելու և աշխատելու համար հարմարավետ քաղաք»,– գրել է Կարապետյանը։

Նախապես մի քանի փակագծեր բացելով` Կարապետյանը նշել է, որ մշակվելու է շենքերի բակերի և ֆասադների պլանավորված վերափոխման ծրագիր, հասարակական տրանսպորտը լինելու է ավելի հասանելի ու մատչելի, կառաջարկվեն մեծ ներդրումային ծրագրեր քաղաքի բնակարանային ֆոնդի թարմացման և 21-րդ դարին համապատասխանեցման համար:

Sputnik Արմենիա