Երևանի ավագանին ընդունեց մայրաքաղաքի 2026թ. բյուջեն։ Կողմ էր ավագանու 34, դեմ՝ 17 և ձեռնպահ՝ 2 անդամ։
Հաջորդ տարվա բյուջեի եկամուտները կազմելու են 151.5 մլրդ դրամ, ծախսերը՝ 156.8 մլրդ դրամ և դեֆիցիտը՝ 5.3 մլրդ դրամ։
Երևանի սեփական եկամուտների բյուջեն էլ լինելու է 94,9 մլրդ դրամ, ինչը 2024 թվականի համեմատ ավել է 33,3 տոկոսով։
Ըստ ներկայացված նախագծի՝ գերակա են լինելու մայրաքաղաքի տարածքային համաչափ և կայուն զարգացումը, բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման շարունակական ապահովումը, քաղաքային ենթակառուցվածքների արդիականացումը։
ՔՊ-ական ավագանու անդամ Հայկ Միրզոյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ տրանսպորտի, ճանապարհային ենթակառուցվածքների սպասարկման, պահպանման և զարգացման ծախսերը կազմելու են ընդհանուր բյուջեի 1/3-ը։
«Քաղաքապետարանը նաև թվային կառավարման է անցնելու, ու այժմ հենց այդ անցումային փուլն է՝ էլեկտրոնային վճարումներ, GIS համակարգի ներդնում և այլն»,- նշեց Հայկ Միրզոյանը։
Նրա խոսքով` բյուջեի ծախսային մասը կազմում է 156,8 մլրդ դրամ, որտեղից ամեն 3-րդ դրամը գնում է երևանցու սոցիալական պաշտպանությանը, հաջորդ ամեն 3-րդ դրամը՝ տրանսպորտի և ճանապարհային ենթակառուցվածքներին։
News.am
