Երևան քաղաքի ավագանին հաստատեց չզեկուցվող հարցերի փաթեթը, որը ներառում է նաև Երևանում տեղական տուրքերի և տեղական վճարների 2026թ. դրույքաչափերը սահմանելու մասին նախագծերը:
Այս նախագծերը ներառում են նաև «կարմիր գծերի» և հանրային տրանսպորտի վճարները։ Դրանք նույնն են մնալու, ինչ 2025 թվականին են եղել։
Մինչ չզեկուցվող հարցերի ընդունումն ընդդիմադիր խմբակցություններն առաջարկեցին տվյալ նախագծերը դարձնել զեկուցվող։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հակադարձեց, թե տեղական տուրքերի և վճարների մասով փոփոխություն չի եղել, այդ պատճառով էլ անհրաժեշտություն չկա այդ հարցերը զեկուցվող դարձնելու:
Արդեն քվեարկության ժամանակ ընդդիմադիր ավագանու անդամներից մեկը տեղից բղավեց․ «ով քվեարկեց՝ նիկոլական ա»։ Դրան ի պատասխան Ավինյանը կոչ արեց զուսպ լինել և լռել։
«Պարոն Հակոբյան, ձեր բակում, կներեք արտահայտությանս՝ քուչում չեք։ Ձեզ զուսպ պահեք»,- ասաց Ավինյանը։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ վարչական դատարանը մերժել էր Երևանի ավագանու բողոքը՝ ուժի մեջ թողնելով Վարչական դատարանի որոշումը, որով անվավեր էին ճանաչվել վճարովի ավտոկայանատեղիների վերաբերյալ ավագանու որոշման դրույթները:
Երևանի քաղաքապետարանը որոշել էր դիմել Վճռաբեկ դատարան ու բողոքարկել «կարմիր գծերի» մասին Վարչական դատարանի որոշումը։
«Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Սամվել Հակոբյանը նշեց, որ տեղական տուրքերի ու վճարների մասին օրենքներում արտոնությունների նախագիծը օրակարգ են բերել ՔՊ-ն ու «Հանրապետություն» կուսակցությունը։
Նա նաև ընդգծեց, որ ավագանու այն անդամները, որոնք հայհոյանքների խոսույթով ստացել են երևանցու քվեն (խոսքը «Հանրային ձայն» խմբակցության մասին է – խմբ), այսօր «պառկեցին Նիկոլի տակ»։
Նույն խմբակցության ավագանու անդամ Մանուկ Սուքիասյանն էլ հարց ուղղեց Ավինյանին՝ թե «կարմիր գծերի» հարցում իրենց քաղաքական բարոյականությունն ո՞ւր է ու արդյոք գիտակցում են, որ մտել են քաղաքացու գրպանն ու դեռ շարունակում են նույնն անել։
Sputnik Արմենիա
