Логотип

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը նոր տերմինալ կունենա. 10 տարվա ընթացքում կներդրվի 500 միլիոն դոլար

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունն առաջիկա 10 տարիներին պլանավորում է 500 միլիոն դոլարիր ներդրում իրականացնել՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի նոր տերմինալի կառուցման համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Forbes-ին տված հարցազրույցում ասել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մարսելո Վենդեն։

Նա մանրամասնել է, որ վերջին երկու տարիների ընթացքում Երևանի օդանավակայանի ուղևորահոսքի աճը կանխատեսվածից ավելի է եղել՝ հասնելով տարեկան ավելի քան 5.5 միլիոնի։ Նա նշել է, որ տերմինալը կառուցված է եղել տարեկան 3-4 միլիոն ուղևորի սպասարկման համար, ուստի հիմա գործող հզորություններն արդեն բավարար չեն, և ընդլայնումն այս պայմաններում կարևոր է։

«Երբ մենք 2001 թվականին ժամանեցինք Հայաստան, օդանավակայանի ենթակառուցվածքը հնացած էր և գրեթե փլուզման եզրին։ Մենք այն քայլ առ քայլ վերակառուցեցինք՝ վերածելով ժամանակակից տերմինալի, որը լավ ծառայել է երկրին ավելի քան մեկ տասնամյակ։ Այժմ աճի ապագա միտումներին համապատասխանելու համար մենք նախատեսում ենք կրկնապատկել օդանավակայանի թողունակությունը հաջորդ 10 տարիների ընթացքում՝ 500 միլիոն դոլարի ներդրման միջոցով։

Նստեցման ելքերի թիվը 6-ից կհասնի 16-ի։ Ժամանման սրահները, ներգաղթային գոտիները և մաքսային գոտիները կկրկնապատկվեն։ Մենք կավելացնենք ժամանակակից սրահներ, կընդլայնենք կայանատեղիները և կբարելավենք տրանսպորտային հաղորդակցությունը ուղևորների համար։ Մենք նաև պատրաստվում ենք ավտոմատացված թվային անձնագրային ելքերի և կենսաչափական անձնագրային նոր համակարգի ներդրմանը, որը կհեշտացնի Հայաստանի քաղաքացիների ճանապարհորդությունը, մասնավորապես Եվրոպա։ Մեր նպատակն է ապահովել Հայաստանի դիրքը որպես մրցունակ կենտրոն տարածաշրջանում»,- ասել է Վենդեն։