Օրերս Երևանում տեղի ունեցավ «Բիզնեսն՝ արվեստին» մրցանակաբաշխությունը, որը եզրափակում էր ASA արվեստի ջատագովման համայնքի (Advocacy Society for the Arts) այս տարվա համաժողովը` նվիրված մշակույթի ու ստեղծարար արդյունաբերությունների ոլորտի զարգացմանը։ Մրցանակաբաշխությունը նպատակ ունի խրախուսել այն ընկերություններին, որոնք աջակցում են արվեստին և նպաստում մշակութային զարգացմանը։ Այն միտված է բացահայտելու բիզնեսի և արվեստի համագործակցության ուժը՝ ցույց տալով, թե ինչպես կարող է այդ դաշինքը վերափոխել համայնքները և խթանել ստեղծարար հզոր ներուժը Հայաստանում։
«Մշակութային ժառանգության պահապան» անվանակարգում մրցանակի է արժանացել Երևանի կոնյակի գործարանը՝ պատմական և մշակութային ժառանգության պահպանման գործում իր նվիրումի համար։
Երևանի կոնյակի գործարանին այս անվանակարգում առաջադրել է Մշակույթի զարգացման հիմնադրամը։
«Կիսելով այս մրցանակն այն բոլոր գործընկերների հետ, ում հետ տարբեր տարիների ARARAT-ը իրականացրել է բազմաթիվ ծրագրեր, թույլ տվեք շնորհակալություն հայտնել նման գնահատականի համար։ ARARAT-ի համար մշակութային արժեքների պահպանումն ու տարածումը ոչ միայն առաքելություն, այլև ինքնության մաս է, միգուցե՝ ամենապարտավորեցնողը։ Այս մրցանակը, ըստ իս, նաև գեղեցիկ խորհրդանիշ է առ այն, որ թեպետ շատ անգամներ ARARAT-ը չի գնում հայտնի ճանապարհներով, բայց գործընկերների հետ ընդհանուր արժեքներ դավանելու և փոխադարձ վստահության պարագայում ձևավորվում են համագործակցության նոր հետաքրքիր ուղիներ, որոնք շարունակում են բացահայտել մեր ժառանգության նոր եզրերը», – ընդգծեց Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը։
Panorama.am
