Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ չի հարուցել Երևանի մետրոյում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագծի առնչությամբ։ Տեղեկությունը հայտնում է «Փաստինֆոն»։
Մարտի 22–ին հայտնել էինք, որ մետրոյում Նիկոլ Փաշինյանը երևանյան քարոզարշավի ժամանակ բղավելով խոսել է արցախցի երիտասարդ կնոջ հետ, որը մանկահասակ երեխայի հետ էր։ Վարչապետին բարկացրել էր այն փաստը, որ կինը հրաժարվել էր վերցնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական խորհրդանիշ դարձած Հայաստանի քարտեզը՝ կրծքանշանի տեսքով։ Նա արցախցիներին «փախածներ» է անվանել ու ասել, որ չփորձեն իրեն մեղադրել Ղարաբաղը հանձնելու համար։ Ավելի ուշ Փաշինյանը ներողություն էր խնդրել։
«Քաղաքական գործիչների վարքագծի վերաբերյալ վարույթների հետևանքը, որպես այդպիսին, լինում է այն, որ պաշտոնատար անձը հրապարակավ պարզաբանում կատարի։ Նկատի ունենալով, որ այս դեպքում վարչապետն արդեն հրապարակավ հայտարարությամբ հանդես եկել է, այսինքն, հետևանքը, որը վարույթի արդյունքում կարող էր լինել՝ արդեն եղել է, հետևաբար վարույթ չի հարուցվել»,– պարզաբանել են հանձնաժողովից։
Հանձնաժողովից նաև նշել են, որ ուսումնասիրել են մամուլի հրապարակումները՝ մետրոյում Փաշինյանի վարքագծի վերաբերյալ։
Sputnik Արմենիա
