Логотип

Երևանում փողոց կանվանակոչվի ԽՍՀՄ բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանի անունով

Երևանում փողոց կանվանակոչվի ԽՍՀՄ բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանի անունով։ Այս մասին որոշում կայացվեց Երևանի ավագանու 5-րդ նստաշրջանի 3-րդ նիստի ժամանակ։ Օրակարգում այս հարցը չզեկուցվող էր, բայց հաստատվեց քվեարկությամբ։

Այսուհետ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթի 1-ին փողոցը՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ փակուղիներով, կկրի հայ նշանավոր բռնցքամարտիկ, օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի եռակի և ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի անունը։

Կլինի հետևյալ կերպ՝ «Վլադիմիր Ենգիբարյան փողոց», «Վլադիմիր Ենգիբարյան փողոց, 1-ին փակուղի», «Վլադիմիր Ենգիբարյան փողոց, 2-րդ փակուղի», «Վլադիմիր Ենգիբարյան փողոց, 3-րդ փակուղի», «Վլադիմիր Ենգիբարյան փողոց, 4-րդ փակուղի», «Վլադիմիր Ենգիբարյան փողոց, 5-րդ փակուղի»:

Ենգիբարյանը ծնվել է 1932 թվականի ապրիլի 24-ին Երևանում։ Բռնցքամարտի ոլորտ է մտել 14 տարեկանում։

1956 թվականին Մելբուռնում կայացած օլիմպիական խաղերում Ենգիբարյանը դարձել է ԽՍՀՄ պատմության մեջ երկրորդ բռնցքամարտի օլիմպիական չեմպիոնը (Վլադիմիր Սաֆրոնովից հետո) և առաջինն ու դեռ միակը մեր ամբողջ տարածաշրջանում:

Իր կարիերայի ընթացքում նա անցկացրել է 267 պաշտոնական մենամարտ, տարել 255 հաղթանակ, երբեք նոկդաունի չի ենթարկվել:

Հանելով ձեռնոցները՝ նա հիմնադրել է ԽՍՀՄ առաջին հանրապետական բռնցքամարտի դպրոցը Երևանում, ղեկավարել այն ավելի քան 30 տարի, դարձել AIBA միջազգային կատեգորիայի դատավոր աշխարհի խոշոր մրցաշարերում։ 1993 թվականից շարունակել է մարզչական աշխատանքը Լոս Անջելեսում՝ մարզելով բազմաթիվ տաղանդավոր հայորդիների:

2013 թվականի փետրվարի 1-ին Վլադիմիր Ենգիբարյանը մահացել է Լոս Անջելեսում, իսկ 2 շաբաթ անց թաղվել Երևանի քաղաքային պանթեոնում։

Sputnik Արմենիա