Երևան-Կապան-Երևան չվերթերը ժամանակավորապես դադարեցվում են օդանավի տեխնիկական սպասարկման համար։ Սյունիք TV-ի հետ զրույցում այս մասին ասել է «Նովէյր» ընկերության ղեկավար Կարեն Վարդանյանը։
Երևան–Կապան–Երևան ավիաուղղությունը սպասարկող «Նովէյր» ընկերությունը չվերթերի ժամանակավոր դադարեցման մասին հայտարարել է սեպտեմբերի 2–ին։
«Օդանավը գտնվելու է տեխնիկական սպասարկման մեջ, որովհետև ուղևորների և թռիչքների անվտանգությունը մեզ համար գերակա պահանջ է, որին անվերապահորեն հետևում ենք։ Չվերթերի ընդհատման որոշումը մեզ համար շատ ցավոտ էր, որովհետև Կապան–Երևան չվերթերը մեծ պահանջարկ են վայելում։ Այժմ մենք զուգահեռ աշխատանքներ ենք իրականացնում փոխարինող օդանավ գտնելու ֆորմատով այս բացը լրացնելու համար»,–ասել է Վարդանյանը։
Նրա խոսքով` օդանավի տեխնիկական սպասարկման համար կարող է պահանջվել մինչև 4 ամիս, որից հետո չեխական L 410 ինքնաթիռը կվերսկսի թռիչքները։ Նա նշեց, որ մամուլը հաճախ է անդրադառնում Սյունիք օդանավակայանին՝ հետաձգված ցանկացած թռիչք կապելով անվտանգության հետ։ Վարդանյանը վստահեցրել է՝ անվտանգային առումով որևէ փոփոխություն չկա։
«Ես պարբերաբար իմ բոլոր հարցազրույցներում նշել եմ` լավագույն երաշխիքը, որ կարող եմ ես տալ, դա այն է, որ ես, իմ ընկերները, իմ ընտանիքի անդամները պարբերաբար օգտվում ենք այս չվերթերից, տեղափոխում ենք Երևանից Կապան և հակառակ ուղղությամբ, իսկ տեխնիկական սպասարկումը աշխարհում ընդունված բնականոն գործընթաց է, որը սակարկման ենթակա չէ՝ հաշվի առնելով թռիչքների անվտանգությունը»,– ասել է նա։
Հիշեցնենք` ուղևորների մեծ հոսքով պայմանավորված` Երևան– Կապան–Երևան թռիչքները այս տարվա ապրիլից շաբաթական 5 անգամ էին իրականացվում 3–ի փոխարեն։ Դրանք թույլ էին տալիս մայրաքաղաքից Կապան և հակառակը հասնել 40 րոպեում։
Ինքնաթիռը 2025 թվականի հունվարից մինչև սեպտեմբեր իրականացրել է 95 չվերթ (19 չվերթով շատ, քան 2024 թվականին), տեղափոխել 2096 ուղևոր։
Sputnik Արմենիա